Սև լճի հատվածում երեկ՝ նոյեմբերի 9-ին, ադրբեջանցի զինվորականները փորձել են բարելավել իրենց հենակետերը, բայց հանդիպել են հայկական զինուժի դիմադրությանը։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխհամայնքապետ Կարո Քոչարյանը՝ անդրադառնալով Սև լճի հատվածում հայերի և ադրբեջանցիների միջև տեղի ունեցած միջադեպին։

«Դիրքային անհանգստություն է եղել։ Կրակոցներ չեն եղել։ Ադրբեջանցիները առաջ գալու փորձ են արել, մեր տղաները կասեցրել են և բարելավել իրենց դիրքերը»,- ասաց նա։

Նշենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Սև լճի տարածքում ծեծկռտուք է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինվորականների միջև այն բանից հետո, երբ մեր զինվորները ՀՀ տարածքում իրականացրել են ամրաշինական միջոցառումներ։ Հարցին միջամտել են ռուս զինվորականները, սակայն իրավիճակը շարունակում է լարված մնալ։

Այսօր տեղեկություններ էին տարածվել նաև այն մասին, թե Իշխանասարում ադրբեջանցի զինվորականների կողմից ուժի կուտակումներ են նկատվում, նշվում էր, որ ադրբեջանցիների կողմից սադրանքների փորձեր են արվել, ինչի հետևանքով Սյունիքում ծառայություն իրականացնող ռուս սահմանապահներ են բարձրացել Իշխանասարի դիրքեր։ Սակայն, ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Գորիսի փոխքաղաքապետը մասնակի էր հաստատել տեղեկությունները՝ նշելով, որ թշնամու կողմից սադրանքներ դեռ չեն եղել. «Ճիշտ է, լարվածություն կա, բայց արտակարգ դեպք՝ ոչ: Մեր տղաները հավելյալ կուտակումներ են իրականացրել՝ ապահովելու իրենց անվտանգությունը»,- նշել էր Կարո Քոչարյանը: