Ադրբեջանական ԶՈւ գործողությունների հետևանքով հայկական 4 դիրքերի շրջափակումից և վերջիններիս այդ դիրքերը լքելուց հետո ադրբեջանցի զինվորները Նորավան գյուղում առաջ են եկել 1-2 կմ-ով: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Նորավան համայնքի ղեկավարը՝ Սլավիկ Պապյանը, հավելելով, որ այդ դեպքը տեղի էր ունեցել Սիսիանի «պալիգոնների» մոտակայքում, որի հարևանությամբ էլ գտնվում է Սիսիանի շրջանի Նորավան գյուղը։
Համայնքի ղեկավարը թեև նշում է, որ ադրբեջանցի զինվորների գյուղին մոտենալու հետ մեկտեղ վտանգը ավելի է մեծանում, այնուամենայնիվ, կարծում է, որ ադրբեջանցիների դիրքերի բարելավմամբ գյուղացիների առօրյան չի փոխվում. «Ընդհանուր որևէ բան չի փոխվում, այդ տարածքը սահմանային էր, ընդամենը կրճատվել է սահմանի հեռավորությունը: Այն բնակավայրից բավականին հեռու է, գյուղացիներն այդ տարածքում անասուններ չեն պահում, ոչ էլ խոտ են քաղում, փորձում են որքան հնարավոր է, իրենց հեռու պահեն այդ հատվածից: Մենք հնարավորություն ունենք ոչ թե մետրերով, այլ կմ-ով հեռու մնալ ադրբեջանցի զինվորների դիրքերից, որևէ շփում չկա խաղաղ բնակչի և նրանց միջև, կարողանում ենք խուսափել»,- ընդգծեց Սլավիկ Պապյանը՝ հավելելով, որ անհանգստություններն այսքանով սահմանափակվում են, իսկ գյուղացու ապրելու և տեղաշաժվելու վրա ստեղծված իրավիճակը որևէ ազդեցություն չի թողնում:
Մեր այն հարցին, թե ադրբեջանցիների կողմից առաջ եկած տարածքը որքանով իրենց համար ուներ կարևոր նշանակություն, համայնքի ղեկավարը պատասխանեց, որ ցանկացած տարածք էլ իրենց համար կարևոր նշանակության է. «Այն, որ այդ տարածքն արոտավայր է, չի նշանակում՝ անպետք տարածք է, գյուղի անցուդարձին ադրբեջանցիների ազդեցությունն այնքանով է խանգարում, որ շատ տհաճ է իրենց ներկայությունը գյուղացիների համար, այն էլ այն դեպքում, երբ ներխուժել են մեր տարածք»,- նշեց նա:
Հետաքրքրվեցինք, թե արդյոք եղել են դեպքեր, երբ գյուղացիները ստեղծված իրավիճակի հետևանքով փորձել են լքել գյուղը, Սլավիկ Պապյանն ասաց՝ ոչ, ընդհակառակը. «Գյուղացիներն անընդհատ ուզում են իրենց աջակցությունն ունենալ գյուղի անվտանգության գործում, տարբեր ձևով օգնել բանակին, անգամ, դիրքեր բարձրանալ, բայց որ որևէ մեկը մտածի, թե սա հարմար առիթ է գյուղը լքելու՝ նման բան չկա»,- շեշտեց նա:
Հարցին, թե արդյոք մտավախություն չկա, որ ադրբեջանական կողմը նորից ու նորից փորձ կանի իր դիրքերը բարելավելու, մեր զրուցակիցն ասաց, որ անգամ չի ցանկանում պատկերացնել. «Ամեն անգամ մտածում ենք, որ վերջին անգամ են առաջ գալիս և չի լինի հաջորդը, չենք էլ ուզում այդ մասին մտածել, չեմ ուզում հավատալ, որ թեկուզ կես կմ էլ կարող են նորից առաջ գալ»,- եզրափակեց Սլավիկ Պապյանը:
Զվարթ Պետրոսյան