Մայիսի 12-ին ադրբեջանցիները Գեղամասարի հատվածում խախտել են պետական սահմանը՝ Նորաբակ և Կութ համայնքների տարածքում ևս մոտ 1-3 կմ առաջ են եկել։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց  Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։ 

Վերջինիս խոսքերով՝ այն տարածքները, որոնք հիմա զբաղեցնում են ադրբեջանցի զինվորները, արտովայրեր են եղել. «Համայնքի համար շատ լուրջ նշանակություն ունեն այդ տարածքները: Տարբեր հատվածներում տարբեր կիլոմետրերով են առաջ եկել»,- ասաց Ավետյանը: 

Նա նշեց, որ ներկա պահին բանակցություններ են ընթանում, և հույս ունի, որ խնդիրը կստանա արդարացի լուծում. «Աստված չանի, որ  թշնամիները նորից առաջ գալու փորձ անեն, ուզում եմ լավատես լինել, և հավատալ, որ ՀԱՊԿ-ն լուծում կտա այս խնդրին»,- նշեց Հակոբ Ավետյանը:

Հարցին, թե բնակչության շրջանում արդյոք լարվածություն կա, պատասխանեց. «Բնակչության շրջանում լարվածություն կա, բայց որպես այդպիսին խուճապ չկա»,- եզրափակեց Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավարը: 

Զվարթ Պետրոսյան