Այսօր ՀՀ ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, թե երեկ Գեղարքունիքի մարզում ներքաղաքական խնդիրներով բողոքի ակցիա իրականացնող և Վարդենիսից մայրաքաղաք տանող ճանապարհը փակած մի խումբ քաղաքացիներ, նախօրոք տեղեկանալով, որ քիչ հետո այդ ճանապարհով անցնելու է վիրավորներից մեկին Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխող մեքենան, զորամիավորման հրամանատարի տեղակալին հայտարարել են, թե խոչընդոտելու են նշված մեքենայի ընթացքը։ Այդ պատճառով մեքենան ստիպված Երևան է հասել շրջանցող ճանապարհով, ինչի հետևանքով էապես ուշացել է զինծառայողին ժամանակին և անհրաժեշտ բուժօգնության ցուցաբերումը։
Այս հայտարարության վերաբերյալ մանրամասներ ստանալու նպատակով ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանի հետ, որը երեկ ճանապարհը փակած քաղաքացիների թվում էր:
Նա կտրականապես հերքեց ՊՆ-ի հայտարարությունը, նշելով, թե ստում են, իրենց որևէ մեկը վիրավոր զինծառայողի վերաբերյալ ոչինչ չի ասել. «Սուտ են ասում, ոչ մեկը չի խոչընդոտել շտապօգնության մեքենայի ընթացքին, իրենք են սարքել այդ «կինոն»: Մեզ մոտեցել է մեկ շտապօգնության մեքենա և ասել է, որ վթար է եղել, մենք էլ ճանապարհը բացել ենք, որ անցնի, ոչ մի խնդիր էլ չեն ունեցել: Այս հայտարարությունը անելով՝ ցանկացել են նենց բան սարքել, որ հետո մեզ վրա կարողանան քրեական գործ բացել»,- նշեց Հակոբ Ավետյանը՝ ընդգծելով, որ երեկ անգամ ոստիկաններն էին հանգիստ իրենց տեղերում. «Այսօր էլ պարզվում է, որ վիրավոր զինվորի դիմաց ճանապարհ ենք փակել»:
Նա նաև ասաց, որ այսօր առավոտյան իրեն ոստիկանություն են տարել և զգուշացրել, որ այլևս նմանատիպ բողոքի ակցիաներ չիրականացնեն. «Ոստիկանությունից առավոտյան եկան ինձ տարան, հիմա էլ եկել են, գյուղապետարանում են ստուգումներ անցկացնում, չեմ հասկանում, թե ինչ են ցանկանում գտնել»,-ասաց համայնքի ղեկավարը:
Վերջինս նաև հավելեց, որ երեկվա բողոքի ակցիայի մասնակիցներից մի քանիսին էլ են տարել ոստիկանություն:
Հիշեցնենք, որ երեկ Վարդենիսի բնակիչները փակել էին Մարտունի-Վարդենիս ճանապարհը։ Նրանք պահանջում էին ազատ արձակել «Միասնական Վարդենիս» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանին։
Զվարթ Պետրոսյան