Երեկ մեր գյուղում կրկին կրակոցի ձայներ են լսվել: Այս մաիսն ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Կութ համայնքի ղեկավարը՝ Սիմա Չիտչյանը:
«Բնակիչները կրակոցի ձայներ են լսել, ադրբեջանական կողմը օ՞դ է կրակել, թե՞ իրար վրա՝ չգիտենք, բայց, որ կրակոցներ եղել են, դա միանշանակ է»,- ասաց համայնքի ղեկավարը:
Վերջինս նշեց, որ մարզպետը նրանց խոստացել է՝ մոտակա օրերը բանակացություններ են լինելու թե՛ 6 գերիների մասով, թե՛ սահմանազատման և թե՛ օրերս ադրբեջանական ԶՈՒ-երի կողմից իրենց սահման տարված անասունների մասով. «Մարզպետն ասաց, որ խնդրին անպայման լուծում կտան, բայց դեռ լուր չկա»,- ասաց նա:
Սիմա Չիտչյանը նշեց, որ օրեր առաջ ցերեկով ադրբեջանական կողմը կրակ է բացել հովիվի վրա, սակայն այն դիպել է ձիուն, հովիվը կարողացել է փախչել. «ժամը 1-2 սահմաններում անասունները արածելիս են լինում և ադրբեջանցիները կրակ են բացում, հովիվը ընկնում է ձիուց: Կրակի ձայները լսելիս անասունները երկու կողմի են բաժանվում մի մասը գալիս է մեր կողմ, մյուս մասը՝ 81 գլուխ, անցնում է նրանց կողմը, անասունները ադրբեջանցիները հավաքում, տանում են»,- ասաց համայնքի ղեկավարը:
Նա նշեց, որ հովիվները այդ դեպքից հետո էլ անասունները չեն տանում այդ հատվածները՝ արածեցնելու, վախենում են. «Հիմա ավելի ցածր տեղեր են պահում անասունները»,- ասաց Սիմա Չիտչյանը՝ ընդգծելով. «Բնակչության մոտ խուճապ չկա, բայց վախ կա: Ժողովուրդը բողոքում ա, ճար լիներ կգնար գյուղից, բայց որտե՞ղ գնա, որտե՞ղ ապրի»,- նշեց համայնքի ղեկավարը:
Հիշեցնենք, որ մայիսի 12 -ից ադրբեջանական ԶՈՒ-երը Կութ գյուղում ևս առաջ են եկել և մինչև այսօր գտնվում են այն դիրքերում, որոնք որ առաջ են բերել:
Զվարթ Պետրոսյան