Սյունիքում հայ-ադրբեջանական սահմանային լարվածության հետևանքով երեկ՝ նոյեմբերի 16-ին, գերեվարված անձանց լուսանկարներն ու տեսանյութերը, որոնք տարածվում են ադրբեջանցիների կողմից, ուսումնասիրվում են։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան, ՄԻԵԴ-ում ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբան Սիրանուշ Սահակյանը։
«Բնականաբար ուսումնասիրվում են նույնականացման նպատակով, նաև ավելի հանգամանալից փաստահավաքություն է իրականացվում գերեվարման հանգամանքների առնչությամբ։ Այս պահին գիտենք, որ ռազմագերիները բազմաթիվ են, այսինքն՝ նրանց թիվը մի քանի տասնյակի է հասնում։ Ռուսական կողմի ներգրավվածությամբ տեղի են ունենում քննարկումներ և նրանք ևս ջանքեր են գործադրում գերիների թիվը հստակեցնելու համար։ Կան անձինք, որոնց գերեվարումը արդեն իսկ հաստատված է և կան անձինք, որոնք անհետացել են։ Այժմ ճշտողական գործողություններ են տեղի ունենում, որոնց անպայման հաջորդելու և համակցվելու է իրավական գործընթացը»,- նշեց Սահակյանը՝ ընդգծելով, որ իրավական գործընթացը կսկսվի փաստերը ստուգելուց հետո միայն։
Հնարավո՞ր է ռազմագերիների թիվը ավելին է, քան պաշտոնական աղբյուրներում է նշվում՝ հարցին ի պատասխան Սահակյանն ասաց․ «Որոշ ինֆորմացիա ճշգրտվում է, հնարավոր է՝ այդ թիվը մի փոքր մեծանա»,- ասաց իրավապաշտպանը։
Սահակյանի խոսքով՝ հասկանալի պատճառներով տեղեկատվությունը դեռ ամբողջովին չի հրապարակայնացվում, անվանականություն չի տրամադրվում․ «Միջադեպը ցավալի է։ Կարծում եմ՝ հատուկ ուշադրության է արժանի այն հանգամանքը, թե ինչ պայմաններում են գերեվարվել հայ զինծառայողները, դրանք պետք է քննության ինքնուրույն առարկա դառնան»,- եզրափակեց Սիրանուշ Սահակյանը։
Նշենք, որ, ըստ ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության, հայկական կողմն ունի 1 զոհված և 13 գերեվարված զինծառայող, ևս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում, որոնց ճակատագիրն այս պահին անհայտ է։ «Զինծառայողների հայտնաբերման ուղղությամբ ընթանում են ինտենսիվ աշխատանքներ»,- տեղեկացրել էին ՊՆ-ից:
Սոնա Հարությունյան