Aravot.am-ը գրել է.

«Բոլոր նրանք, ովքեր հաշտվեցին նրա հետ, որ Լեւոն Երանոսյանը, որի վերաբերյալ քրեական գործ էր հարուցվել, դատախազությունը համարել էր, որ բավարար հիմքեր կան մեղադրանք առաջադրելու, բայց գործը փակեցին, այդ բոլոր մարդիկ ընդհանրապես որեւէ բարոյական իրավունք չունեն խոսելու. ո՞վ ուզում է լինի, որտեղից ուզում է լինի: Լեւոն Երանոսյանի գործը փակելով՝ կանաչ ճանապարհ բացվեց, որպեսզի ոստիկանության գեներալները նույնանման գործողություններ իրականացնեն: 2018 թվականի ցույցերի ժամանակ, Գրողների միության մոտ Լեւոն Երանոսյանի գործողությունները եւ 2024 թվականի հունիսի 12-ին ոստիկանության գործողությունները շատ իրար նման են. պատգամավորների խումբն ուզում է անցնել ոստիկանական պատնեշը, թույլ չեն տալիս, փորձում են խոչընդոտել: Այնտեղ կրակեցին 5 հատ, այստեղ՝ 20-ից ավել, այնտեղ ունեինք մի քանի վիրավորներ, այստեղ՝ վիրավորների թիվը 100-ն անցնում էր: Ինչպե՞ս կարելի է՝ նույնանման իրավիճակներում, մի դեպքում կազմակերպիչների եւ մասնակիցների գործողություններն արդարացի համարել, մյուս դեպքում՝ անարդարացի համարել եւ ապօրինի: Երկու դեպքից մեկում, իրենք ուղղակի ստել են: Հիմա թող դուրս գան եւ հանրությանն ասեն՝ ո՞ր դեպքում են իրենք ստել կամ անազնիվ են եղել իրենց գնահատականների մեջ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հելսինկյան ասոցիացիայի ղեկավար, փաստաբան Նինա Կարապետյանցը: Հայաստանում իշխող ուժը ներկայացնող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար մարմնի անդամ Արթուր Հովհաննիսյանը հայտարարեց, որ ցույցի կազմակերպիչները՝ «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության անդամներն իբրեւ ԱԺ շենքի վրա գրոհելու կոչեր են արել, ինչն աննախադեպ որակեց: Հիշեցնենք, որ ԱԺ շենքի վրա գրոհելու դեպք մենք ունեցել ենք՝ 2018 թվականի հոկտեմբերի 2-ին: ԱԺ շենքի վրա գրոհելու կոչ արել է արդեն ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը եւ բոլոր ՔՊ-ականները, Նիկոլ Փաշինյանի կոչով ԱԺ այգում հավաքված մարդիկ, գրոհել են ԱԺ շենքի վրա:

«Բոլոր այն մարդիկ, անկախ իրենց կուսակցական կամ ինչ-որ խմբի պատկանելիությունից, ովքեր չեն դատապարտել 2018 թվականի հոկտեմբերի 2-ին դեպքերը՝ ԱԺ տարածք, փակ տարածք, այդ նույն տարածքը, որտեղ այդ մարդկանց մեղադրանք է առաջադրվում, այսօր բարոյական իրավունք չունեն դրա մասին խոսելու»,- հայտարարում է Նինա Կարապետյանցը:

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը և Հայաստանի հելսինկյան կոմիտեն հրապարակել են համատեղ հատուկ զեկույց՝ հունիսի 12-ին Երևանում՝ Ազգային ժողովի նստավայրի մոտ տեղի ունեցած հավաքի և ոստիկանության գործողությունների վերաբերյալ։