Այս պահին հանդարտ է, գյուղում խաղաղ է: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Նորավան համայնքի ղեկավարը՝ Սլավիկ Պապյանը:
Նա նշեց, որ վերջին կրակոցի ձայները գյուղում լսվել են երեկ երեկոյան:
Հարցին, թե արդյոք գյուղում խուճապ կա, համայնքի ղեկավարն ասաց, որ խուճապ չկա, սակայն անհանգստություն կար, հատկապես այն ժամանակ, երբ հնչում էին կրակոցներ:
Նշենք, որ երեկ հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ վիճակը լարված է։ Հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։
Կրակոցներ են հնչել նաև Սիսիանի Նորավան գյուղի դիրքի ուղղությամբ, որի հեռավորությունը ադրբեջանական դիրքից ընդամենը 10 կմ է։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին ադրբեջանական ԶՈւ գործողությունների հետևանքով հայկական 4 դիրքերի շրջափակումից և վերջիններիս այդ դիրքերը լքելուց հետո ադրբեջանցի զինվորները Նորավան գյուղում առաջ էին եկել 1-2 կմ-ով: