«Հայաստան» համահայկական հիմնադրամն այսօր հայտարարել է, թե ինչ «հուժկու» օգնություն է պատրաստվում տրամադրել Սյունիքի մարզի մի շարք գյուղական համայնքներին: Մասնավորապես, հայտնի է դարձել, որ Սյունիքի մարզում մեկնարկել է համայնքային, կրթական և սոցիալական նշանակության մի շարք խնդիրների լուծմանն ուղղված ծրագրեր: Հիմնադրամի աշխարհասփյուռ գործընկերների միջոցներով' առաջին փուլով Սյունիքի մարզի մի շարք բնակավայրերում տեղադրվում են արևային ջրատաքացուցիչներ:
Այսինքն, ըստ «Հայաստան» հիմնադրամի տնօրինության, աշխարհից կտրված, թուրքի նշանառության տակ ապրող, էլեմենտար կենցաղային կարիքների բավարարման հետ լուրջ խնդիրներ ունեցող Շուռնուխում, Խոզնավարում,Դավիթ Բեկում կամ Ճակատենում գլխավոր խնդիրն արևային ջրատաքացուցիչների բացակայությունն է:
Կար ժամանակ, երբ հիմնադրամն Արցախում, Սյունիքում հսկայածավալ աշխատանքներ էր կատարում՝ դպրոցներ, ճանապարհներ էր կառուցում, սակայն, այդ ժամանակները, ինչպես հասկանում ենք, անցել է, և այսօր Նիկոլ Փաշինյանի մտերիմ Հայկակ Արշամյանի ղեկավարած հիմնադրամը բավարարվում է ջրատաքացուցիչներ բաժանելով: Ինչպես ասում են՝ ինչ էինք, ինչ դարձանք...: