Ինչ կապ ունի Կարեն Սարուխանյանը գերեվարված և շրջափակման մեջ հայտնված տղաների հետ․ արդյոք նա է կազմակերպել շիրակցիների մեկնումը Արցախ
Այսօր վաղ առավոտից Շիրակի մարզում համատարած բողոքի ակցիաներ են։ Ըստ տեղեկությունների` Հադրութի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղից 150 շիրակցի է գերեվարվել ադրբեջանցիների կողմից։ Գերի ընկածների հարազատները փողոցներ են փակել՝ գերեվարված շիրակցիներին վերադարձնելու պահանջով։ Նրանք պնդում են, որ ադրբեջանցիների տարածած տեսանյութերում տեսել և ճանաչել են իրենց հարազատներին։ Տարածված տեղեկությունների համաձայն՝ Շիրակից գերեվարված տղաների հարազատները մեղադրում են Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Շիրակի մարզը ներկայացնող Կարեն Սարուխանյանին՝ ասելով, որ նա է կազմակերպել տղաների Արցախ մեկնումը։
ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Կարեն Սարուխանյանն ասաց՝ ինքը որևէ կապ չի ունեցել գերեվարվածների հետ․ «Նման բան ասողը, առնվազն, անբարոյական պետք է լինի, քանի որ ես նման բան կազմակերպել չեմ կարող, լուրեր տարածողները նույնիսկ չեն հասկանում, թե խոսքը ում կամ ինչի մասին է։ Ես ինչպե՞ս կարող եմ կապ ունենալ ՄՈԲ ռեսուրսի հետ, կամ ես ո՞վ եմ, որ կազմակերպեմ ՄՈԲ հավաքագրում, դա զինվորական կոմիսարիատներն են անում։ Ուղղակի մի քանի անբարոյական իմ անունն են շահարկում՝ չգիտեմ էլ, թե ինչի համար։ Այդ կամավորների մեջ ունեմ ընկերներ, հարազատներ և ազգականներ»,- ասաց Սարուխանյանը։
Սարուխանյանը հերքեց լուրերը, թե տղաները օրեր առաջ կապ են հաստատել իր հետ՝ ասելով, որ զինամթերք չունեն և շրջափակման մեջ են։ Նրա խոսքով՝ գերեվարվածները ՄՈԲ-ի տղաներն են, իսկ կամավորները շրջափակման մեջ են եղել, որոնք արդեն դուրս են եկել շրջափակումից։ Նա հավելեց նաև ՄՈԲ-ն ու կամավորները տարբեր տեղերում են, իսկ իր կապը միայն կամավորների հետ է։
Նա նշեց՝ ինչ վերաբերում է Շիրակի մարզից մեկնած կամավորական ջոկատներին, ապա նրանց հետ կապի մեջ է եղել ամեն օր և այս պահին էլ պահպանում է կապը․ «Այո, 3 օր է, ինչ ադրբեջանցի զինվորականները ակտիվացել են Հին Շեն և Նոր Շեն գյուղերի տարածքում և ստեղծվել էր իրավիճակ, երբ մեր կամավորները գտնվել են մասամբ շրջափակման մեջ, բայց երեկ երեկոյան ռուսական խաղաղապահ զորքերի և այլ տարբեր միջամտությունների արդյունքում իրավիճակը կայունացել է, կամավորները անվտանգ են, նրանց ոչինչ չի սպառնում»,- նշեց պատգամավորը՝ չցանկանալով նշել, թե թվով քանի՞ կամավորի մասին է, որոնք հայտնված են եղել շրջափակման մեջ։
Հարցին՝ ճի՞շտ են տեղեկությունները, որ շրջափակման մեջ հայտնված կամավորների թվում են նաև ՏԻՄ պաշտոնյաներ, վարչական ղեկավարներ և դպրոցի տնօրեններ, Սարուխանյանը դրական պատասխան տվեց․ «Կամավորների մեջ կան այո, իսկ ՄՈԲ-ից տեղեկություն չունեմ»,- ասաց պատգամավորը։
Նշենք, որ այսօր Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը հաստատեցկ տարածված տեղեկությունները՝ նշելով, որ Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի ուղղությամբ այս օրերին անհետ կորել է շուրջ 60 զինծառայողից բաղկացած մի ստորաբաժանում։ ԱՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունն էլ հայտնեց, որ երեկ երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ, ողջ գիշեր և այսօր առավոտյան շարունակվել են որոնողական աշխատանքները։ Ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ գործուն քայլեր են իրականացվում պարզելու հայ զինվորականների գերեվարման հավանականությունը, դրա հաստատվելու դեպքում անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու համար։