Հայաստանը մշտապես պատրաստ է եղել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը, ինչպես արձանագրված է կառավարության ծրագրում։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։

«Մի շարք միջազգային գործընկերներ, այդ թվում մեր դաշնակից Ռուսաստանը, հայտարարել են, որ պատրաստ են աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Եվ ռուս գործընկերների հետ քննարկումների ընթացքում մենք տեղեկացրել ենք, որ պատրաստ ենք առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը: Երբ գործընթացը առաջ գնա, մենք, բնականաբար, հանրությանը զարգացումների մասին կտեղեկացնենք», - նշեց նա։ 

Նա նշեց՝ այս պահի դրությամբ Թուրքիայի հետ որևէ բանակցային գործընթաց չի ընթանում:

Նշենք, որ պաշտոնապես հայտարարվել է, որ դեկտեմբերի 15-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն Բրյուսելում: Տեղեկություն է տարածվել նաև, որ նոյեմբերի 26-ին նրանք կունենան նախորդող հանդիպում՝ եռակողմ հանդիպման ձևաչափով:

Սոնա Հարությունյան