ՀՀ բարձր տեխնոլոգիական և արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը ևս «Apple»-ից ստացել է նամակ այն մասին, որ իր հեռախոսը, հնարավոր է, ենթարկվել է հաքերային հարձակման: Այս մասին Վահագն Խաչատուրյանը նշեց կառավարության նիստից հետո ՝ լրագրողների հետ զրույցում:

«Երկու օր առաջ իմ հեռախոսին նույնպես այդպիսի հաղորդագրություն եկել է: Կարծում եմ, որ շատերին հարցնեք, կպարզվի՝ կրկին եկել է նման հաղորդագրություն: Դա նշանակում է, որ Հայաստանի իշխանությունների հետ առնչություն չունի: Դա միջազգային հայտնի ընկերություն է: Միայն մեզ մոտ չէ, որ նման խնդիր է առաջացել: «Apple»-ի նման ընկերությունը, որն ավելի ուշադիր է իր սպառողների նկատմամբ, այդպիսի զգուշացումներ է կատարել: Մենք հետևել ենք այն ցուցումներին, որոնք կան: Մնացած մեկնաբանություններն այն մասին, թե դա ում կողմից է արվել, խնդրում եմ դիմեք հենց իրենց»,-ասաց նախարարն՝ ընդգծելով, որ այն ինչ կատարվել է, իրենք գնահատել են որպես հարձակում կամ հարձակման ցանկություն  Հայաստանի Հանրապետության, տվյալ դեպքում առանձին քաղաքացիների դեմ:

 
 
 
 

Ընդդիմադիր որոշ գործիչներ սոցիալական ցանցերում հայտնել են, որ «Apple»-ից նամակ են ստացել իրենց հեռախոսները հարձակման ենթարկելու փորձերի մասին: Ընդդիմադիր գործիչները մեղադրում են իշխանություններին: