Պաշտպանության փոխնախարարը տեղյակ չէ, թե ինչ հիմքով են ադրբեջանական օդանավերը հատում ՀՀ օդային սահմանը, նա առաջարկում է այդ հարցով դիմել քաղաքավիացիայի կոմիտեին: «Քաղավիացիայի կոմիտեն հաղորդագրություն տարածեց, ես մանրամասներին տեղյակ չեմ ինչ ընթացակարգերով է իրականացվում, եթե Դուք ավելի համապարփակ տեղեկություն եք ուզում ստանալ, կարող եք դիմել քաղավիացիայի կոմիտե- ասել է փոխնախարարը:

Իր հերթին ամիսներ առաջ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը հայտարարել էր, որ կոմիտեն որևէ թույլտվություն չի տալիս, քանի որ հարցը վերաբերվում է քաղաքացիական օդանավերին:

Կոմիտեն իր այս հայտարարությամբ, ըստ էության, փորձում է մոլորեցնել հասարակությանը: Կառավարության 2003 թ. որոշման մեջ ասվում է, որ «ՀՀ օդային տարածքով քաղաքացիական օդանավերի տարանցիկ թռիչքներն իրականացվում են առանց նախնական թույլտվության տրամադրման՝ հիմք ընդունելով միայն օդային տարածքի կազմակերպման միավորի եւ օդային երթեւեկության սպասարկման մարմինների հետ սահմանված կարգով փոխանակվող հաղորդագրությունները»:

Այսինքն՝ Հայաստանի ավիացիոն իշխանությունները տարանցիկ թռիչքի թույլտվություն որպես այդպիսին չեն տալիս, սակայն ավիափոխադրողը (կոնկրետ այս դեպքում' ադրբեջանական «AZAL»-ը) մինչեւ չվերթ իրականացնելը պետք է հաղորդակցվի ՀՀ օդային տարածքի կազմակերպման միավորի եւ օդային երթեւեկության սպասարկման մարմինների հետ, փոխանցի թռիչքի մասին որոշակի ինֆորմացիա, ինչից հետո հնարավորություն կստանա (կամ չի ստանա) օգտվել մեր երկնքից:

Այսինքն' բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծում, եթե ՊՆ-ն տեղյակ չէ, թե ինչ հիմքով են ՀՀ օդային տարածք մտնում թշնամու օդանավերը, նշանակում է այս կառույցը չի տիրապետում իրավիճակին: Թերևս կարող էին այս ընթացքում ճշտել տվյալ հիմքերը, ինչը, սակայն, այդպես էլ չեն արել: Մյուս կողմից էլ քաղաքավիացիայի կոմիտեն փորձում է իր վրայից պատասխանատվությունը գցել, որպեսզի չստացվի, որ Տաթևիկ Ռևազյանը ինքնագլուխ ազգային անվտանգությանը սպառնացող որոշումներ է ընդունում: Երկու կառույցներն էլ տեղյակ չեն, թե ինչ հիմքով, ինչ կարգավիճակով, ինչ ուղեբեռով են ՀՀ օդում պտույտներ գործում ադրբեջանական օդանավերը: Եվ այս տոտալ բարդակը շարունակվում է արդեն մեկ տարի: Ի վերջո հանրությունը իրավունք ունի՞ իմանա, թե որ կառույցի կամ պաշտոնյայի համաձայնությամբ են ադրբեջանական օդանավերը ՀՀ օդային տարածքում իրենց զգում ինչպես տանը...