Էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների համար գործող արտոնությունների ժամկետը կերկարաձգվի մինչև 2024 թվականի հունվարի 1–ը: Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը:
«Նախատեսվում է մինչև 2024 թվականի հունվարի 1-ը երկարաձգել բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների՝ մասնավորապես մեծ, միջին փոքր ավտոբուսների, մարդատար տրանսպորտային միջոցների, մոտոցիկլետների և մոպեդների ներմուծման և օտարման համար գործող արտոնության ժամկետները»,-ասաց Գաբրիելյանը:
Հարկային օրենսգրքով սահմանված արտոնությանը զուգահեռ ներկայումս ԵԱՏՀ-ի որոշմամբ՝ մինչև 2021թ. դեկտեմբերի 31-ը էլեկտրական շարժիչով աշխատող մարդատար տրանսպորտային մեքենաների համար զրոյացվել են ներմուծման մաքսատուրքի դրույքաչափերը:
«Հայաստան» խմբակցությունից Գեղամ Նազարյանը հետաքրքրվեց, թե այս պահին քանի ընկերություն է զբաղված էլեկտրոմոբիլների ներկրմամբ, կա՞ արդյոք գերիշխող դիրք ունեցող ընկերություն:
Փոխնախարարն արձագանքեց, որ պետությունն այս պահին չի իրականացում վերահսկողություն ընկերությունների նկատմամբ, քանի որ ՀՀ էլեկտրական շարժիչով մեքենաներ ներկրում են և մասնավոր, և իրավաբանական, և ֆիզիկական անձինք: Ընկերությունների մոտ մեծ հետաքրքրություն կա՝ ենթակառուցվածքների զարգացման առումով:
Հարակից զեկուցող, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անդամ Հռիփսիմե Ստամբուլյանն էլ նշեց, որ այս նախագիծը մշակվել է դեռևս նախկին կառավարության օրոք, և դա իսկապես շուկայում էլեկտրոմոբիլների ներկրման խթանիչ մեխանիզմ է: Պատգամավորը գոհունակություն հայտնեց, որ գործող կառավարությունը ևս հավանություն է տվել նախագծին: