Գեղարքունիքի մարզի Սեւանի համայնքապետարանում տեղի է ունեցել Սեւան համայնքի նորընտիր համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի երդման եւ պաշտոնի ստանձման հանդիսավոր արարողությունը։ Ինչպես տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, նիստին ներկա են եղել համայնքի ավագանու անդամները, Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանը, հոգեւոր դասի եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ։
Սարգիս Մուրադյանը ողջունել է ներկաներին, ապա ընթերցել երդման տեքստը․ «Ստանձնելով Սեւան համայնքի ղեկավարի պաշտոնը' երդվում եմ՝ համայնքի ղեկավարի լիազորություններն իրականացնելիս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, համայնքի ավագանու որոշումները, ազնվորեն եւ բարեխղճորեն կատարել համայնքի ղեկավարի լիազորությունները, ծառայել համայնքի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների: Պարտավորվում եմ պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը եւ սեփականությունը, ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական եւ հոգևոր վերելքին»։
Երդման տեքստի ընթերցումից հետո հնչել է Հայաստանի Հանրապետության օրհներգը։ Սարգիս Մուրադյանը ստորագրել է երդման տեքստի տակ, որն ի պահ է հանձնվել համայնքապետարանի աշխատակազմին։
Ողջույնի խոսքով հանդես է եկել Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանը։ Շնորհավորելով եւ բեղմնավոր աշխատանք մաղթելով համայնքի նորընտիր ղեկավարին՝ թեմի առաջնորդական տեղապահը կարեւորել է անցած 5 տարիների աշխատանքը, ձեռքբերումները եւ այդ ամենի արդյունքում բնակիչների կողմից վստահության լուրջ եւ ծանրակշիռ քվե ստանալու փաստը, միաժամանակ հույս է հայտնել, որ այսուհետ էլ Սեւան խոշորացված համայնքն իր միասնականությամբ եւ արդյունավետ, տեսանելի գործունեության շնորհիվ կարող է գրանցել լուրջ հաջողություններ։
Եզրափակիչ խոսքով նիստն ամփոփել է Սարգիս Մուրադյանը։ «Մեզ սպասվում է բարդ ու աշխատատար ժամանակաշրջան, եւ համատեղ ուժերով, մեծագույն պատասխանատվությամբ պետք է կատարենք մեր առաքելությունը՝ ստեղծելով լավագույն պայմաններ, բարենպաստ միջավայր Սեւանի տարածաշրջանի բնակիչների համար։ Մեր պետությունը մեզանից յուրաքանչյուրի սրտացավ, նվիրված աշխատանքի կարիքն ունի, իսկ մենք պարտավոր ենք մեր աշխատանքով նպաստելու մեր համայնքի ու երկրի հզորացմանը»,-նշել է Սեւան համայնքի նորընտիր ղեկավարը։