«Իմ քայլը» հիմնադրամի ղեկավար Մխիթար Հայրապետյանը որոշել է խփել Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի գործին: Բանն այն ,է որ «Իմ քայլը» հիմնադրամը ծրագիր է կյանքի կոչում, որը իր հերթին արդեն իսկ իրականացնում է Զարեհ Սինանյանի կառույցը: Ծրագիրը կոչվում է «Ներուժ» եւ իրականացվում է ՀՀ բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարության եւ «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի համատեղ ջանքերով։ «Իմ քայլը» հիմնադրամի գլխավոր առաքելությունը վիրավոր եւ հաշմանդամ զինծառայողներին, հիվանդ երեխաներին բուժելն էր, շնորհալի երեխաների ուսումնառության հարցերն արտերկրի բուհերում կազմակերպելը:
Բայց, չգիտես ինչու, Հայրապետյանի ընտրությունը կանգ է առել հենց Սփյուռքի ներուժի գեներացման վրա, մի բան, ինչով արդեն մի քանի տարի է' զբաղված է Զարեհ Սինանյանը: Հայրապետյանի առաջ քաշած նպատակները կրկնում են հանձնակատարի գրասենյակի նպատակները՝ «ներգրավել Սփյուռքի մասնագիտական ներուժը՝ նպաստելու Հայաստանի ինստիտուցիոնալ զարգացմանն ու հզորացմանը», «խթանել հայրենադարձությունը եւ հայրենադարձների սահուն ինտեգրումը», «աջակցել Սփյուռքի ներդրողներին եւ բարեգործներին՝ Հայաստանում իրենց ծրագրերն իրականացնելիս»։
Այսինքն, ինչ է ստացվում՝ արդեն ոչ մեկ, այլ երկու ճակատով Սփյուռքի հետ աշխատող իշխանությունները միևնույն է չեն կարողանում հաջողություն գրանցել և վերադարձնել Սփյուռքի մեր հայրենակիցների, կառույցների վստահությունը: Մյուս կողմից էլ, ինչպես երևում է, Մխիթար Հայրապետյանը ցանկություն ունի վերադառնալու արդեն հանձնակատարի պաշտոնին. նա թերևս զգում է, որ կառույցում և Նիկոլ Փաշինյանի աչքերում Զարեհ Սինանյանի դիրքերը զգալիորեն սասանվել են և գուցե ունի ցանկություն իր այս ակտիվությամբ ապացուցել, որ ինքն ավելի արդյունավետ է աշխատում Սփյուռքի կառույցների հետ, հետևաբար՝ հանձնակատարի պաշտոնին իրեն վերադարձնելուց Փաշինյանը միայն կշահի...