Փետրվարին Վեդիում կրկին ՏԻՄ ընտրություններ են սպասվում: ՔՊ-ի կողմից Վեդի համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Գարիկ Սարգսյանը, կարծես թե, այնքան էլ լավ չի կատարում իր ստանձնած առաքելությունը և դրանից, ըստ մամուլի, որոշել է օգտվել Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը; Ըստ մամուլի հրապարակումների՝ մարզային իշխանությունները հակված են նոր թեկնածուով մասնակցել նոր ընտրություններին։ Նոր թեկնածուով հանդես գալու ակտիվ ջատագովներից է հենց Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանը, որը Գարիկ Սարգսյանի հետ անհաշտ հարաբերությունների մեջ է։ Նա առաջարկում է «Հանրապետություն» եւ ՔՊ կուսակցությունների դաշինք ձեւավորել, որը կգլխավորի իր սանիկ Մանվել Ղազարյանը՝ «Վեդի Ալկոյի» սեփականատերը։
Եթե ի վերջո Գարիկ Սարգսյանը ՔՊ-ով ջառաջադրվի, ուրեմն «Հանրապետությունը» Մանվել Ղազարյանի դեմքով դաշինք կկազմի ՔՊ-ի հետ, այս երկուսին հավանաբար կմիանա ևս մեկ պրոիշխանական ուժ, քանի որ այդպիսին է օրենքի պահանջը: Հատկանշական է, որ Վեդիում փետրվարի 13-ին կամ 20-ին նշանակվող կրկնակի ՏԻՄ ընտրություններին այս անգամ մասնակցության հայտ չի ներկայացնի «Վեդեցի Գոջ» մականվամբ հայտնի Գագիկ Հակոբյանը, ով դեկտեմբերի 5-ին կայացած ընտրություններին մասնակցում էր որպես Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության թեկնածու։
Այժմ հետաքրքիր է այն, թե ում ի վերջո կընտրի Նիկոլ Փաշինյանը՝ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Ղազարյանին, թե յուրային, իր հետ հեղափոխության օրերից քայլած Գարիկ Սարգսյանին, ով, սակայն, այսօր այլևս ի վիճակի չէ ՔՊ-ի համար ձայն ապահովել, հետևաբար ՔՊ-ի հույսը, կարծես թե, կրկին նախկիններն են: Արդարության համար նշենք, որ 2008-ի նախագահական ընտրություններում Ղազարյանը պաշտպանեց Լեւոն Տեր-Պետրոսյանին, ինչի պատճառով իշխանությունները նրա նկատմամբ հալածանք սկսեցին եւ թույլ չտվեցին զբաղվել քաղաքականությամբ: Մանվել Ղազարյանը հեղափոխությունից հետո փորձեց կրկին վերադառնալ քաղաքականություն՝ Արամ Սարգսյանի եւ Խաչատուր Քոքոբելյանի «Մենք» դաշինքով, բայց դաշինքը չհաղթահարեց շեմը։