ՀՀ քննչական կոմիտեն պահանջում է երկարացնել դեկտեմբերի 4-ին ադրբեջանական գերությունից վերադարձած Ռոբերտ Նալբանդյանի կալանավորումը։ Նալբանդյանը երեք անչափահաս երեխայի հայր է, ունի առողջական խնդիրներ՝ պայմանավորված ադրբեջանական գերության օրերին ստացած մարմնական վնասվածքներով, մասնավորապես, ադրբեջանցիները ծեծի են ենթարկել Նալբանդյանին, ինչի հետևանքով վերջինս ստացել է կողոսկրերի կոտրվածքներ։
Դեկտեմբերի 4-ին հայրենիք վերադառնալուց հետո ՔԿ-ում քննվող քրեական գործի շրջանակներում Ռոբերտ Նալբանդյանը նախ հարցաքննվել է, ապա՝ ձերբակալվել։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, վարույթն իրականացնող մարմինը Նալբանդյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացրել, որը բավարարվել է մասնակի. Նալբանդյանը կալանավորվել է մեկ ամիս ժամկետով։
Մինչ կավարտվեր ժամկետը, վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ պահանջելով երկարացնել կալանավորման ժամկետը։
Նալբանդյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ տվյալ դեպքում կալանավորման միջնորդության հիմքը խոչընդոտման վտանգն է, ինչը մեղմ ասած, շատ տարօրինակ վտանգ է, որը տեսել է վարույթն իրականացնող մարմինը և դատարանը, որն ավելի վաղ կայացրել էր մեկ ամսով Նալբանդյանին կալանավորելու որոշում։ Ընդ որում, դատարանը որոշել էր մեկ ամիս ժամկետով կալանավորել Նալբանդյանին՝ նկատի ունենալով, որ մեկ ամիս ժամկետը բավարար է Նալբանդյանի մասնակցությամբ անհրաժեշտ քննչական գործողությունները կատարելու համար, սակայն վարույթն իրականացնող մարմինը կալանավորման ժամկետի երկարացման միջնորդություն է ներկայացրել դատարան, որը քննում է դատավոր Արմեն Շիրոյանը։ Իսկ թե ինչպես պետք է գերությունից վերադարձած և առողջական խնդիրներ ունեցող անձն ազդի գործի քննությանը՝ Մելիքյանը զերծ մնաց գնահատականներ տալուց, միայն արձանագրեց, որ Նալբանդյանը պայմանագրային զինծառայող է՝ բարձր սպայական կազմի հետ որևէ առնչություն չունեցող և դժվար է հասկանալը, թե ինչպես պետք է ազդի վարույթի և մյուսների վրա։
Ռոբերտ Նալբանդյանը քրեական գործի շրջանակներում մի քանի անգամ ցուցմունք է տվել՝ ամբողջությամբ ներկայացնելով իրադրությունը, մեղադրանքը չի ընդունում։ Նալբանդյանի մասնակցությամբ այլ քննչական գործողություններ ևս կատարվել են, սակայն այս պահին փաստաբանը զերծ մնաց մանրամասներ ներկայացնելուց։ Նրա դիտարկմամբ՝ քրեական գործով մեծածավալ քննչական գործողություններ են կատարվել և խնդիրն այն է, որ դրանց միայն փոքր մասն է, որ առնչվում է Ռոբերտ Նալբանդյանին, այն դեպքում, երբ դատարանը մեկ ամիս էր տվել ընդամենը վարույթն իրականացնող մարմին՝ անհրաժեշտ գործողությունները կատարելու համար։
Անդրադառնալով Նալբանդյանի առողջական խնդիրներին՝ փաստաբանը տեղեկացրեց, որ Ադրբեջանում ծեծի հետևանքով Նալբանդյանը կողոսկրերի կոտրվածք ունի, ամեն օր պաշտպանին հայտնում է, որ գիշերը չի կարողացել քնել՝ ցավերի պատճառով։ Թեև ՔԿՀ-ում բժշկական հսկողություն իրականացվում է, այնքանով, որքանով հնարավոր է, սակայն ՔԿՀ-ի հնարավորություններն անսահմանափակ չեն, փաստացի մարդը ցավերի մեջ տառապում է ամեն օր։
Իսկ թե գերիների նկատմամբ քրեական հետապնդումները և կալանավորումները ինչ ազդեցություն կունենան Ադրբեջանում պահվող գերիների հայրենադարձման վրա՝ Մելիքյանը նշեց, որ հետևանքներն արդեն բոլորս ենք տեսել, Ադրբեջանը ցինիկ ձևով հայտարարում են, թե «ինչու են ուզում իրենց գերիներին, եթե իրենք են անազատության մեջ պահում»։ Ռուբեն Մելիքյանն ընդգծեց, որ դա լրջորեն փոխում է իրավիճակը և չի բացառվում, որ լինեն նաև Ադրբեջանում պահվող գերիներ, որոնք ապօրինի քրեական հետապնդումներից զգուշանալով՝ պահանջեն, որ իրենց ոչ թե հայրենադարձեն հայրենիք, այլ՝ երրորդ երկիր։
«Եթե մի պահ մոռանանք իրավաբանական կողմը և հարցին նայենք այլ համատեքստով, ապա սա մի ահավոր, խայտառակ երևույթ էր, ինչն անպատկերացնելի էր։ Մեր ազգային շահի, մեր քաղաքացիների անվտանգության տեսանկյունից սա ահավոր երևույթ էր»,- նշեց Մելիքյանը՝ պարզաբանելով, որ խոսքը մասնավորապես անազատության մասին է, դա էապես փոխում է իրավիճակը։
Մելիքյանի գնահատմամբ՝ այս պարագայում կալանավորման հիմքերը գոյություն ունենալ չեն կարող, առավել ևս՝ խոչընդոտման վտանգի հիմքը գոյություն ունենալ չի կարող, պետք չէ մոռանալ, որ գործ ունենք մարդկանց հետ, որոնք հայտնվել են մի իրավիճակում, ինչն անգամ «թշնամուն չի կարելի ցանկանալ», ՄԻՊ-ի հրապարակային զեկույցներից էլ երևում է, թե ինչ պայմաններում են նրանք պահվում գերության մեջ, դաժանագույն իրավիճակ է։
«Որևէ մեկը դրանից չի զարմանում։ Դրանից հետո գումարել նաև այս տառապանքը... Կարծում եմ՝ սա նաև որոշակի հարցեր է առաջացնում խոշտանգման կամ անմարդկային վերաբերմունքի մասին»,- ընդգծեց Մելիքյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին ադրբեջանական ագրեսիայից հետո ՀՀ ՊՆ-ն հաղորդեց 13 գերեվարված և 24 անհետ կորած զինծառայողի մասին, սակայն Նիկոլ Փաշինյանն ավելի ուշ հայտնեց, որ անհետ կորած համարվող 24 զինծառայողները գերեվարվել են և շրջանառության մեջ դրեց «24+8» բանաձևը։ Դեկտեմբերի 4-ին ռուսական կողմի միջնորդությամբ Հայաստան է տեղափոխվել 10 ռազմագերի, որոնք գերեվարվել էին նոյեմբերի 16-ին՝ ՀՀ ինքնիշխան տարածքից՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով։ Գերությունից վերադառնալուց հետո զինծառայողները հարցաքննվել են ՔԿ-ում քննվող քրեական գործի շրջանակներում, իսկ երեկ արդեն հայտնի դարձավ, որ վերադարձած գերիներից մի մասին ձերբակալել են, ապա մեղադրանք առաջադրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ մարտական հերթապահության կամ ծառայության կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանք։ Վարույթն իրականացնող մարմինը վերադարձած գերիներից 5-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացրել դատարան, որոնցից չորսը բավարարվել են։ Ն.Ե.-ն միակ զինծառայողն էր, որի վերաբերյալ միջնորդությունը մերժվել էր, սակայն վերջինս կալանավորվել է՝ Վերաքննիչ դատարանի որոշմամբ։
Բացի այդ՝ ՔԿ-ից հայտնել են, որ նոյեմբերի 16-ին գերեվարված և դեկտեմբերի 19-ին հայրենադարձված 10 գերիները նույնպես հարցաքննվել են ՔԿ-ում քննվող քրեական գործի շրջանակներում, իսկ թե արդյոք վերջիններս ունեն դատավարական կարգավիճակ՝ պաշտոնապես դեռևս հայտնի չէ։