Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ առկա պատվաստանյութերը համալրվել են ևս մեկով՝ վիրուսային վեկտոր տեխնոլոգիայով ՀՀ-ում արտադրված «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութով, որը Հայաստանում նախատեսվում է կիրառել միայն խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստումներ իրականացնելու համար, այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Պատվաստանյութը ցուցված է 18 տարեկան և բարձր տարիքի անձանց, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման համար։
Նախարարությունից ևս մեկ անգամ հիշեցրել են, որ 18 տարեկան և բարձր տարիքի, մասնավորապես' ռիսկի խմբերում գտնվող անձինք, կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստման երկրորդ դեղաչափից 6 ամիս անց կարող են ստանալ խթանիչ (բուստեր) դեղաչափ, որը կնպաստի առավել պաշտպանված լինելուն, հատկապես վերջին շրջանում աշխարհում շրջանառող «Օմիկրոն» տարբերակի տարածման համատեքստում:
Հայաստանում «Սպուտնիկ Լայթ»-ն արտադրում է «Լիկվոր» դեղագործական ընկերությունը: Դեկտեմբերին Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել էր, որ ինչպես մյուս պատվաստանյութերի դեպքում, այնպես էլ այս դեպքում, պետությունը կգնի «Սպուտնիկ Լայթ»-ը, և քաղաքացիները դա կստանան անվճար՝ որպես խթանիչ դեղաչափ: