Օրերս պարզ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած Կառավարությունը պետական բյուջեի պակասուրդը ֆինանսավորելու անհրաժեշտություն ունի, և դրանով պայմանավորված դիմել է ԱՄՀ-ին՝ հերթական վարկը ստանալու նպատակով։
Այս անգամ վարկի չափը կազմում է 51.428 միլիոն հատուկ փոխառելիության իրավունքի չափով, ինչը հավասար է շուրջ 72 մլն ԱՄՆ դոլարի։
Սակայն, ուշագրավն այստեղ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի տարեվերջյան ամփոփիչ ասուլիսն է, որի ընթացքում վերջինս հայտարարեց, որ բյուջեն 2021 թվականին ռեկորդային եկամուտներ է գրանցել: Բադասյանը նշեց, որ 2021 թվականի պետական բյուջեի օրենքով եկամտային մասը նախատեսվում էր 1 տրլն 440 մլրդ դրամ, և այս թիվը դեկտեմբերի 30-ի դրությամբ գերակատարվել է 146 մլրդ-ով։
2022 թվականի համար բյուջեի դեֆիցիտը, ըստ բյուջեի նախագծի, կազմելու է 243.0 մլրդ դրամ: Սպասվում է, որ 2022 թվականին Հայաստանի պետական բյուջեի եկամուտներն ավելի արագ կաճեն, քան ծախսերը: Արդյունքում կկրճատվի դեֆիցիտը: 2022 թվականին Հայաստանի պետական բյուջեի եկամուտները կկազմեն 1 տրլն 946 մլրդ դրամ, ծախսերը՝ 2 տրլն 188 մլրդ դրամ և հետևաբար դեֆիցիտն էլ՝ 242 մլրդ դրամ, որը հիմնականում կֆինանսավորվի ներքին աղյուրներից՝ պետական արժեթղթերի տեղաբաշխումից գոյացող մուտքերից: Այսպես է կանխատեսել Կառավարությունը 2022 թվականի պետական բյուջեի մասին օրենքը նախագծելիս:
Հիմա պարզվում է, որ այդ ներքին աղբյուրը ԱՄՀ-ն է, թերևս պետական արժեթղթերի տեղաբաշխումը, որոնցով այդպես պարծենում էր Նիկոլ Փաշինյանը, արդյունավետ չեն եղել, և անհրաժեշտություն է առաջացել ավելացնել առանց այդ էլ սրընթաց աճող պետական պարտքը: Հարց է առաջանում ընդամենը` արդյո՞ք ավելի ճիշտ և արդար չէր լինի, եթե պատկան մարմինները բաց խոսեին հանրության հետ և ներկայացնեին տնտեսության և բյուջեի իրական վիճակը և ոչ թե գեղեցիկ բաժակաճառերի ժողովածուն.: ՊԵԿ նախագահը հայտարարում է, որ բյուջեն ռեկորդային ցուցանիշների հասնող եկամուտներ է գրանցել, վարչապետը պարծենում է դրանով, խոսում արժեթղթերի տեղաբաշխման արդյունավետության մասին, բայց, արի ու տես, հանրությունը կրկին փաստի առաջ է կանգնած...