Հեղափոխությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաճախ էր կրկնում, որ Նոր Հայաստանի պաշտոնյաների համար Հայաստանի պետական բյուջեն ժողովրդի բյուջեն է լինելու և պետական պաշտոնյաները պետք է խնայողաբար ծախսեն յուրաքանչյուր լուման: Այդպես է, թե ոչ՝ կարելի է դատել միայն այն հանգամանքից, որ վերջին ամիսներին մի շարք պետական պաշտոնյաների կողմից ընդունված ոչ օրինական որոշումների արդյունքում պետական, ասել է թե ՝ ժողովրդի բյուջեն զգալի վնասներ է կրել: ՔՊ-ական պաշտոնյաների ընդունած որոշումները բողոքարկվել են և պետական բյուջեի հաշվին փոխհատուցումներ են տրվել նրանց, ովքեր այդ որոշումներից տուժել են: Որոշների քայլերն էլ անգամ չեն նկատվել պատկան մարմինների կողմից:

Դիցուք՝ Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանը բավականին ոչ միանշանակ պատմության կիզակետում է հայտնվել: Մամուլը ահազանգում է, որ Սարգսյանը որոշումներ է ընդունել, որով համայնքի հողերը շուկայականից ցածր գներով օտարել է Երեւանի բնակիչների, երբ Դիլիջանի շատ բնակիչներ տուն կառուցելու համար հողամաս չունեն։ Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքը տեղեկացնում է, որ 2022թ․ ապրիլի 18-ին Դ․ Սարգսյանը որոշում է ընդունել քաղաքացի Սուրեն Մանուկյանին աճուրդային կարգով հողամաս օտարելու մասին։ Դիլիջան համայնքի ղեկավարի 2022թ. մարտի 18-ի թիվ 149-Ա որոշմամբ 2022թ. ապրիլի 18-ին աճուրդի է ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող «Բնակավայրերի հողերից» 690.9քմ հողամաս, Դիլիջանի Սարալանջի փողոցի թիվ 40/2 հասցեում բնակելի տան կառուցման նպատակով, 4836300 դրամ մեկնարկային գնով, աճուրդում 4836300 դրամ առավելագույն գնով հաղթել է Երեւանի Կոմիտասի 7/2 շենքի բնակիչ Սուրեն Մանուկյանը, այդ մասին հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի կողմից կազմվել է արձանագրություն: 

Դժվար է նույնիսկ կռահել, թե որքան վնաս է կրել պետությունը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի՝ համավարակի ընթացքում ընդունած հակասահմանադրական որոշումների արդյունքում: Դրանց մեծ մասը բողոքարկվում են դատարաններում և հայցերը մեկը մյուսի հետևից բավարարվում են:

 

2018 թվականի իշխանափոխությունից հետո Պետեկամուտների կոմիտեի մի շարք պաշտոնյաներ հեռացվեցին աշխատանքից՝ ակնհայտ քաղաքական դրդապատճառներով։ ՊԵԿ ղեկավարությունը դրա անունը դրեց «կառուցվածքային փոփոխություններ» ու դրա անվան տակ մի շարք փորձառու, երկարամյա աշխատակիցների, այդ թվում՝ վարչությունների ու բաժինների պետերի, պետի տեղակալների, ազատեց պաշտոններից։ Մամուլի տեղեկությունների համաձայն՝ խոսքը մոտ մեկ տասնյակ մարդու մասին է, ովքեր, համարելով, որ ապօրինի են հեռացվել աշխատանքից, դեռ 2018-19 թթ․ դիմել էին դատարան՝ վիճարկելով աշխատանքից հեռացման ՊԵԿ որոշումը։ Փաստացի, ՊԵԿ-ը պետբյուջեից ավելի քան 260 մլն դրամ է վճարել իր նախկին աշխատակիցներին՝ կայացրած ապօրինի, սխալ որոշումների պատճառով։ 

 

ՀՀ վարչական դատարանը բավարարել է Հասմիկ Պետրոսյանի հայցն ընդդեմ Շիրակի մարզպետարանի և վճռով պարտավորեցրել Պետրոսյանին վերականգնել ՇՄ առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնում: Դատարանը նաև պարտավորեցրել է վճարել հարկադիր պարապուրդը՝ սկսած 2019 թվականի մարտի 29-ից մինչև դատարանի՝ վճիռն օրինական ուժի մեջ մտնելը։ Այս դեպքում էլ, թեև, բողոքարկողը փաստացի արդեն նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանն է, սակայն որոշումը կայացվել էր նրա նախորդի կողմից:

 

Կառավարության որոշմամբ վերակազմակերպված (փաստացի վերացված) ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն բ․գ․դ․, պրոֆեսոր Սամվել Ռաֆիկի Գրիգորյանը 2020թ․ ապրիլի 30-ին հայցադիմում էր ներկայացրել ընդդեմ ՀՀ Առողջապահության նախարարության, մասնավորապես՝ Արսեն Թորոսյանի կողմից ընդունված որոշման դեմ:  ՀՀ Առողջապահության նախարարությունից և «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի համապարտությամբ հօգուտ հայցվոր Ս․Ռ․Գրիգորյանի բռնագանձվել 250000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։ Պատասխանողներ ՀՀ Առողջապահության նախարարությունից և «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի համապարտությամբ հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձվել է գումարի 2%-ը՝ որպես պետական տուրքի գումար։ Բացի այդ, Գրիգորյանին փոխհատուցվել է հարկադիր պարապուրդի պատճառով չստացված ողջ աշխատավարձը։

Վայոց ձորի մարզի Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանն ընդհանուր 537 միլիոն դրամի պայմանագրեր է կնքել իր կնոջը պատկանող ընկերության հետ, ընդ որում, մինչև 2022 թվականն այդ ընկերությունը ղեկավարել է հենց ինքը՝ Մխիթար Մաթևոսյանը, սակայն համայնքի ղեկավար ընտրվելուց հետո ընկերության իր բաժնեմասն ու կառավարումը հանձնել է կնոջը՝ Մերի Մարգարյանին։ Պետական գնումների armeps.am համակարգի տվյալներով՝ 2022 թվականի ընթացքում Վայքի համայնքապետարանը՝ ի դեմս Մխիթար Մաթևոսյանի, 4 պայմանագիր է կնքել «Մավշին» ՍՊԸ-ի հետ։ Հունիսի 1-ի պայմանագրով՝ ընկերությունը 6,5 միլիոն դրամի դիմաց Վայք քաղաքի բազմաբնակարան շենքերի տարածքներում փոսալցումներ է կատարել։ Հունիսի 2-ի պայմանագրով՝ «Մավշին» ՍՊԸ-ն 57 միլիոն դրամի դիմաց կատարել է Վայք քաղաքի Մայիսյան և Շինարարների փողոցի հիմնանորոգման աշխատանքները։ Հունիսի 6-ին կնքված պայմանագրով՝ ընկերությունն ստացել է 67 միլիոն դրամ և պարտավորվել Զառիթափ գյուղում ոռոգման ցանց կառուցել։