Արտաքին գովազդի ոլորտում 2014թ. առաջին կիսամյակում իրականացված հսկողության արդյունքում Երևան քաղաքում հայտնաբերվել և ապամոնտաժվել են շենք-շինությունների վրա տեղադրված և գովազդի մասին ՀՀ օրենքին հակասող 485 գովազդային միջոցներ:
Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը՝ ներկայացնելով արտաքին ձևավորման և գովազդի ոլորտում 2014թ. առաջին կիսամյակում կատարված աշխատանքների հաշվետվությունը:
«Բոլոր տնտեսվարողներին տրվել է հնարավորություն' իրականացնել ապամոնտաժման աշխատանքներ սահմանված ժամանակահատվածում: Նշված տնտեսվարողների համար, ում գովազդը չի ապամոնտաժել, կազմվել են վարչական արձանագրություններ՝ թվով 124»,- «Արմենպրես» -ի փոխանցմամբ՝ ընդգծեց Դավիթ Օհանյանը:
Երևանի քաղաքապետի տեղակալի խոսքով' արտաքին գովազդից տեղական տուրքերի հավաքագրումը կազմել է 663 միլիոնից ավելի, ինչը գերազանցում է պլանային ցուցանիշը 5,8 տոկոսով:
«Բոլոր վարչական շրջաններում կատարվել է գովազդի մասին օրենքին հակասող գովազդային պաստառների ապամոնտաժում: Ապամոնտաժվել է 1200 քմ գովազդային տարածք»,- հավելեց Օհանյանը: