Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդի հետ հեռախոսազրույցում ամերիկյան կողմին տեղեկացրել է Հայաստանի հետ սահմանին զինծառայողի մահվան մասին։
Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության վիճակի շուրջ։ Բայրամովը հայտարարել է ադրբեջանցի զինվորի մահվան մասին՝ դրանում մեղադրելով հայկական կողմին։ Բացի այդ, Բայրամովը տեղեկացրել է տարածաշրջանում վերջին իրավիճակի մասին՝ «ներառյալ ադրբեջանական կողմի քայլերը՝ կապված Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությունների իրականացման հետ»։
Նշենք, որ ավելի վաղ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ Կարեն Դոնֆրիդը հեռախոսազրույց էր ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։
Հայաստանի պաշտպանության նախարարության վերջին հաղորդագրության համաձայն՝ հունվարի 11-ին, ժամը 17։30-ի սահմաններում ադրբեջանական զինուժը վերսկսել է հրետանու եւ անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծությունը հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան երկայնքով տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը ձեռնարկել է համարժեք գործողություններ։ Հայտնի է երեք վիրավորի մասին։
Ավելի ուշ հայտնի դարձավ երկու զոհված հայ զինծառայողների մասին, սակայն այս տեղեկությունը պաշտոնապես հաստատել առայժմ չի հաջողվել։