Երեւանում, հունվարի 11-ին, կրակոց է հնչել. ժամը 23:40-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «հրազենային վնասվածք» ախտորոշմամբ Երևանի 103 շտապօգնության բժիշկների 21-րդ բրիգադը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ, 40-ամյա Գայանե Մ.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Ռշտունի փողոցում գործող գարեջրատնից:
Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, իրավապահները դեպքի վայրում հայտնաբերել են 1 հատ 7.62 մմ տրամաչափի պարկուճ, 1 գնդակ և արնանման հետքեր:
Կայքի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական հսկայածավալ աշխատանքների արդյունքում պարզել են ենթադրյալ կասկածյալի ինքնությունը: Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործություն կատարած անձին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:
Աղբյուրի տեղեկություններով՝ կասկածյալը Արագածոտնի մարզի բնակիչ «Ուջանցի Հարութիկն» է: