«Ապրելու երկիր» խմբակցությունը, 03․01․2022թ․ դիմել է ՀՀ կառավարությանը Փարաքար համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և նոր ընտրություններ նշանակելու խնդրանքով՝ հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասը։ Այս մասին տեղեկանում ենք «Ապրելու երկիր» կուսակցությունից:
Կուսակցության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Օրենքով սահմանված երկշաբաթյա ժամկետը լրացել է 2022թ հունվարի 3-ին։
Նույնանման հանգամանքներով մեկ այլ՝ Վեդի համայնքի դեպքում ՀՀ կառավարության 2022թ հունվարի 4-ի որոշմամբ վաղաժամկետ դադարեցվել են Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու լիազորությունները և նշանակվել են ավագանու արտահերթ ընտրություններ։ Ընդ որում, հունվարի 4-ին ՀՀ կառավարությունը այդ որոշումը կայացրել է հեռակա քվեարկությամբ՝ չսպասելով հունվարի 5-ի հերթական նիստին՝ նպատակ ունենալով պահպանել օրենքով սահմանված ժամկետները։
2021թ․ դեկտեմբերի 20-ին տեղի է ունեցել ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու առաջին նիստը, և համայնքի ղեկավար է «ընտրվել» հունվարի 9-ի նիստին՝ 21-րդ օրը՝ օրենքի կոպիտ խախտումներով։ Այս փաստը հիմք է ՀՀ կառավարության կողմից օրենքի ուժով ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար միավորված համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու համար։ Սակայն, ՀՀ կառավարությունը նման որոշում չի կայացրել ոչ միայն սեփական նախաձեռնությամբ, այլև «Ապրելու երկիր» խմբակցության կողմից 2022թ հունվարի 3-ի և հունվարի 5-ի ներկայացված դիմումների հիման վրա։ Ավելին, կառավարությունը մինչև այժմ չի պատասխանել խմբակցության նամակին՝ սպասելով քաղաքական որոշման։
Այս կապակցությամբ, «Ապրելու երկիր» խմբակցությունը դիմելու է դատարան՝ կառավարության անգործության հիմքով և կառավարության կողմից իր պարտականությունների կատարման պահանջով։
«Ապրելու երկիր» կուսակցությունը Փարաքար համայնքում հավաքել է ձայների 49%-ը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 27%: Համայնքի ութ բնակավայրերից երեքում «Ապրելու երկիր» կուսակցությունը հավաքել է 77-85% ձայներ։