Ամերիկյան ԶԼՄ-ները շարունակում են «լցված մնալ» Ուկրաինայով։ Նրանք փորձեցին այդ թեման քաշել-կպցնել անգամ Ժնևում Ռուսաստան-ԱՄՆ բանակցություններին։ Իննսուն հազար․․․ Չէ, հարյուր հազար ռուս զինվորական կա Ուկրաինայի հետ սահմանին։ Չէ, արդեն հարյուր քսանհինգ հազար, հետո Ռուսաստանի դիմադրելու տասնութ սցենար, երեսուն հազար սուրհանդակ․․․ Մի խոսքով, խլացուցիչ աղմուկ է։
ԱՄՆ բնակիչներին ջանասիրաբար ներշնչում են, որ եթե Ռուսաստանի հետ ռազմական հակամարտություն լինի, ապա դա տեղի կունենա ինչ-որ տեղ՝ անորոշ հեռուներում։ Ինչ-որ տեղ այնտեղ, հազարավոր կիլոմետրեր հեռու, ծովերից և օվկիանոսներից այն կողմ ընկած է Յուքրեյն երկիրը, որը ոչ ոք քարտեզի վրա չի կարողանում գտնել: Այն խիզախորեն մարտնչում է Մոսկվայի բռնակալի դեմ, իսկ ամերիկացիները նրան բարու ճառագայթներ և «Ջավելիններ» (հակատանկային կառավարվող հրթիռ-խմբ.) են ուղարկում։
Ի դեպ, ճիշտ նույն կերպ է մատուցվում Չինաստանի հետ հավանական հակամարտությունը։ Այն, իբրև թե, տեղի է ունենալու հեռավոր և էկզոտիկ տարածաշրջանում, իսկ ԱՄՆ-ի քաղաքներին չի էլ մոտենալու։ Հերթական պատերազմը՝ ինչ-որ տեղ այնտեղ։
Իրականում պատերազմը միանգամայն կարող է հասնել Միացյալ Նահանգների տարածք։ Երկրի պաշտպանությունը մեծ թվով խոցելի տեղեր ունի։ Նորմալ ժողովրդավարական երկրում արժեր այդ հարցը լայնորեն քննարկել, և հիմա դրա ճիշտ ժամանակն է։ Բայց ոչ, նորությունների ճաշացանկում այդ կերակրատեսակը բացակայում է։ Այդ խոցելի տեղերը քննարկում են բացառապես ամերիկացի զինվորականները՝ իրենց մասնագիտացված պարբերականներում։ Լայն հանրությունը շարունակում է կուլ տալ հոլիվուդյան հեքիաթներն այն մասին, թե ինչպես են քաջարի ամերիկացի հետևակայինները «պանամկաներ» նետելու․․․ Ո՞ւմ վրա է ընդունված նետել։ Ռուսների՞, չինացիների՞, իրանցիների՞։ Ախ, իհարկե, այլմոլորակայինների։