Ինչպես գիտենք, արդարադատության նախարարությունը նախաձեռնել է հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի քննարկումներ: Հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը ենթադրում է ստեղծել հակակոռուպցիոն մասնագիտացված մարմին՝ «Հակակոռուպցիոն կոմիտե» անվամբ, որը լինելու է բավականին լայն լիազորություններով օժտված միասնական նախաքննական մարմին։ Քննչական կոմիտեն, ՀՔԾ-ն, ԱԱԾ-ն, հարկային և մաքսային մարմինների կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ զբաղվող քննիչների հաստիքները և գործիքակազմը կփոխանցեն Հակակոռուպցիոն կոմիտեին:
Այս կոմիտեի ծառայողների կատարած հանցագործությունների նախաքննությունն էլ կիրականացնի ԱԱԾ-ն: Իսկ ՀՔԾ-ն լուծարվում է։ Կատարվող այս քայլերից պարզ է դառնում, որ իրականում կառավարությունն այնքան էլ լուրջ նպատակ չի հետապնդում կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար իրականացնելու համար։ Իրականացնում են միայն որոշ թիրախավորված գործողություններ։ Ըստ նախագածի՝ ստեղծվում է կոռուպցիայի դեմ պայքարի մարմին, սակայն մարմնի ղեկավարի նշանակումը տրվում է նորից գործադիր իշխանությանը։ Այսինքն՝ կրկին կառույցի անկախության մասով խնդիր ենք ունենալու, ինչը պետք է թերևս հաշվի առնված լիներ և բացառվեր:
Մյուս ուշագրավ առանձնահատկությունը այն է, որ, ըստ էության, նոր ռազմավարությունը չի քննարկվել փորձագիտական հանրության հետ, մարզերում էլ քննարկումները ընթանում են Սորոսի հիմնադրամի, ոչ թե քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Կան կարծիքներ, որ նոր ռազմավարությունը իրականում հետ քայլ է, այն պարզ պատճառով, որ քաղաքացիական հասարակությունից ամեն անկյունում խոսացողները այդ նույն քաղաքացիական հասարակությանը դուրս են թողնում կոռուպցիայի դեմ պայքարի «սուրբ» գործընթացից: Բնական է, որ դա արվում է որոշակի միտումով: Նախկինում Նիկոլ Փաշինյանը մեղադրում էր իշխող հանրապետական կուսակցությանը օրենքները առանց հանրության կարծիքը հաշվի առնելու, թայֆի ներսում քննարկելով ընդունելու մեջ: Այսօր արդեն իշխանության եկած Փաշինյանը փաստորեն որդեգրել է ՀՀԿ այդ նույն քաղաքականությունը: