Ինչպես ավելի վաղ տեղեկացվել էր, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում նախորդ տարի ուսումնասիրվել էր հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրով բյուջետային սուբսիդավորման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը: Արդյունքում, քրեական գործով նախաքննության շրջանակներում մատակարար հանդիսացող «Ֆլեշ» ՍՊԸ-ի կողմից կատարված փոխանցմամբ ամբողջությամբ վերականգնել է պետությանը պատճառված 111.503.696 ՀՀ դրամը: Հիշեցնենք, որ արդեն մեկ ամսից ավել՝ Հայաստանում բենզինի սակագինը թանկացել է 10-20 դրամով:
Թանկացման գույժը տվել էր հենց Բարսեղ Բեգլարյանը, ով հայտարարել էր, որ բենզինը անպայմանորեն թանկանալու է: Այդպես էլ եղավ: Եթե Բեգլարյանը դեռ հետ չի բերել իր 111 միլիոնը, ապա մոտ ապագայում կբերի, քանի որ գները նվազման միտում չունեն:Հետևաբար, որտե՞ղ և ինչո՞ւմ տուժեց Բարսեղ Բեգլարյանը, և որտե՞ղ և ի՞նչ շահեց պետությունը: Ակնհայտ է, որ Բեգլարյանը, ի տարբերություն նույն Վաչագան Ղազարյանի և մյուսների, ովքեր ոչ միայն վերադարձրին պետությանը հասցրած ֆինանսական վնասը, այլ նաև կալանավորվեցին՝ Բեգլարյանը շատ էժան գին վճարեց իր կատարած մախինացիաների դիմաց:
2016 թվականի Ապրիլյան պատերազմից հետո ներքաղաքական կյանքում հաճախ է քննարկման առարկա դարձել բանակի կարիքների համար մատակարարված բենզինի և դիզվառելիքի որակը: Այս խնդրի առկայության մասին խոսել է անգամ ՀՀԿ-ական նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը: Հայտնի է, որ տարիներ շարունակ բանակին բենզին և դիզվառելիք մատակարարող հիմնական ընկերությունը եղել է «Ֆլեշ» ընկերությունը, որի սեփականատերն է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի և նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի մտերիմ ընկեր Բարսեղ Բեգլարյանը: Եվ ուրեմն, բանակին անորակ բենզին և դիզվառելիք մատակարարողը եղել է հենց Բեգլարյանին պատկանող ընկերությունը: Բայց այս գործով կարծես թե նոր իշխանությունները չեն ցանկանում խորանալ, փոխարենը՝ ազատում են Բեգլարյանի գլուխը անգամ մանր-մունր հանցագործություններից: Գուցե նման բարեհաճ վերաբերմունքի պատճառը հենց Բեգլարյանի կապն է Սարգսյանների հետ, իսկ գուցե այս գործի կծիկը քանդելը կարող է տանել այնպիսի անձանց մոտ, որոնց իշխանությունները չէին ցանկանա «դիպչել»…