ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ բերման է ենթարկվել «Ֆլեշ Մոտորս» ՍՊԸ-ի բազմամյա տնօրենը. Նա կասկածվում է առերեւույթ բռնություն գործադրելով, բռնության սպառնալիքով ինքնիրավչությունն կատարելու մեջ: ԹԵև այս գործը վերաբերում է ՍՊԸ ներսում տեղի ունեցած չարաշահումներին, բայց չի բացառվում, որ չարաշահումների կծիկի բացահայտումը տանի մինչև Ապրիլյան քառօրյա և բանակին Ֆլեշի Բարսեղի մատակարարած անորակ դիզվառելիք, նաև տա այն հարցի պատասխանը, թե ինչպե՞ս է պատահել, որ ՊՆ-ում վառելիքի մատակարարման մրցույթում մշտապես հաղթել է հենց Բարսեղ Բեգլարյանի ընկերությունը: Հարցերը Բեգլարյանին՝ շատ են: Համենայն դեպս, արդեն իսկ ընդգծվում է, որ ՊՆ-ում կոռոպցիոն չարաշահումների առաջին ֆիգուրանտը կարող է դառնալ հենց Բեգլարյանը, և ընտրությունն էլ պատահական չէ իհարկե. ՊՆ-ում մատակարարման գործընթացում իր բազմամյա մենաշնորհ դիրքը թույլ կտա պատկան մարմիններին՝ քանդել այս շղթան և հասնել ընդհուպ մինչև գեներալիտետ, ՊՆ բարձրաստիճան ղեկավարություն և Բեգլարյանի հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ գտնվող Սերժ Սարգսյան:

Դա է պատճառը, որ Ֆլեշի Բարսեղը ջանք ու եռանդ չի խնայի հասնելու նրան, որ, ինչպես «Նորֆոլկի» դեպքում, օրենքի առջև կանգնեն գործադիր տնօրեններ կամ պատասխանատու աշխատակիցներ, բայց ոչ սեփականատերը, ում անմիջական իմացությամբ և թողտվությամբ, եթե չասենք կարգադրանքով էլ կատարվել են վերոնշյալ բոլոր կոռուպցիոն մախինացիաները: Ընդ որում. դրանք բնավ էլ չեն սահմանափակվում բանակին և երկրի անվտանգությանը հասցրած ահռելի վնասով: Չմոռանանք, որ ժամանակին ամենազոր Բարսեղ Բեգլարյանը բյուջետային հիմնարկների ու ԲՈՒՀ-երի աշխատավարձերն իր բանկով անցկացնելու գործարքներ էր հաջողացնում: Բացի այդ, նույն Ֆլեշի Բարսեղն էր, որ մեկ տարվա ընթացքում միանգամից 10 միլիոն ԱՄՆ դոլարի ավտոմեքենայի յուղ ներկրեց հանրապետություն, կոպեկներ վճարեց մաքսային համակարգում, իբր, մաքսանենգության բացահայտմամբ զբաղվող իր փեսայի հսկող հայացքի ներքո, եւ այնուհետև զարմանալի չէ, որ մնացած ներկրողների համար մաքսազերծման գները շեշտակի աճեցին, դաշտում Ֆլեշը մնաց միայն, այդ կարեւոր հանգամանքը մուծված հարկերում որեւէ կերպ չարտացոլելով: Թերևս ժամանակն է՝ վճարել ըստ հաշվի: