Մեկ տարի շարունակ Հայաստանի իշխանությունները հայտարարում էին այս կամ այն ոլորտում մաֆիայի առկայության մասին: Ոլորտները բազմաթիվ էին՝ ջրի, գյուղատնտեսության, գազի: Իջևանի դեպքերից հետո սկսեցին խոսել նաև այսպես կոչված՝ փայտի մաֆիայի մասին, որի ողնաշարը իշխանությունները շատ արագ պատրաստվում էին ջարդել: Անցել է մեկ տարի, և ժամանակն է հասկանալ՝ ո՞ւր են մաֆիոզները և արդյո՞ք այդ մաֆիոզների որջերը նոր իշխանությունները խոստացածի պես թափ են տվել:
Օրինակ, ժամանակին հայտարարվում էր, որ ՋԸՕ-ում լայնամասշտաբ ստուգումներ են լինելու, մտնելու են ՋԸՕ պետերի տուն, սկանդալային բացահայտումներ են լինելու: Թե քանի ՋԸՕ պետի տուն մտան իրավապահները, դժվար է ասել, այդ մասին տեղեկությունները բացակայում են: Փոխարենը՝ բազմաթիվ են հենց մամուլի հրապարակումներն այն մասին, որ գյուղացիներից ջուրը շարունակում են գողանալ, իսկ հոսում է այդ ջուրը նույն ճանապարհով, ինչ և նախկինում՝ դեպի պաշտոնյաների ՀԷԿ-եր: Մինչդեռ հայտարարվում էր, որ ջրի գողերի տեղը բացահայտելը մեկ օրվա պատմություն է, քանի որ բոլորն էլ գիտեն նրանց գտնվելու վայրը: Սակայն, հետագայում պարզվեց, որ վերջիններս խորամանկ ու հաշվենկատ են գտնվել և ոչ մի նախկին պաշտոնյա իր անունով որպես ջրաօգտագործող գրանցված չէ, հետևաբար մաֆիայի ողնաշար կոտրելը մնաց ավելի լավ ժամանակների համար:
«Գազավիկների կլանը», որի մասին շատ էին սիրում խոսել նոր իշխանությունները, նույնպես շարունակում է իր սև գործը, համենայնդեպս այս ոլորտում որևէ լուրջ բացահայտման այդպես էլ ականատես չենք եղել: Ինչ վերաբերվում է գյուղատնտեսական մաֆիային, ապա այն, ըստ երևույթին, անմահ է: Երեւանում ու մարզերում խոշոր ջերմոցային կամ անասնապահական տնտեսությունների տերերը նույն մարդիկ են, որոնց անուններն անգիր գիտենք: Խոսքը՝ հատկապես նախկին պաշտոնյաների և օլիգարխների մասին է, որոնց ջերմոցները և այնտեղ կատարվող մի շարք մախինացիաներ մինչ օրս էլ ամբողջությամբ ուսումնասիրված չեն պատկան մարմինների կողմից, ասել է թե` անգամ «Նոր Հայաստանում» նրանք շարժվում են հին, չգրված օրենքներով:
Փայտի մաֆիայի ողնաշարը ջարդվելուն լծվել էին մի ամբողջ մարզով, սակայն այսօր էլ մամուլում հանդիպում ենք հրապարակումներ, որտեղ բարձրաձայնվում է Հայաստանի անտառների հատման դեպքերի մասին: Ասել է թե՝ փայտի մաֆիան իրեն շատ ապահով ու արտոնյալ է զգում: Ինչո՞ւ է այդպես և արդյո՞ք իրականում գոյություն ունեն վերը նշված մաֆիոզ միավորումները, թե դրանք պարզապես նոր իշխանությունների պոպուլիզմի արդյունք էին: Եթե հանրությանը չեն ներկայացվում այդ մաֆիային գլխատելու ապացույցները, ապա հանրությունն էլ իր հերթին կարող է եզրակացնել, որ ոչ մի մաֆիա իրականում գոյություն չունի: Իսկ եթե, ամեն դեպքում, ընդունենք, որ նման միավորումները կան, ապա պետք է փաստել, որ դրանք մինչ օրս անխափան աշխատում են, իսկ սա արդեն խոսում է նրա մասին, որ իշխանությունները ոչ թե կոտրել են մաֆիայի ողնաշարը, այլ գնացել են ստվերային համագործակցության…