Հեղափոխությունից հետո տպավորություն էր ստեղծվել, որ ոլորտը անշարժ գույքի ոլորտը կազատականացվի, ամեն ինչ կգա դեպի ինքնակարգավորում, սակայն այսօր բազմաթիվ բողոքներ են ստացվում, որ կադաստրի կոմիտեն բացահայտ միջամտում է տնտեսվարողների գործին: Բազմաթիվ բողոքներ են ստացվում, որ կադաստրի կոմիտեն սկսել է խախտումներով աշխատել, մասնավորապես խոսքը գնում է ստուգումների գործընթացի մասին:
Բանն այն է, որ կոմիտեն պարտավոր է ստուգումներ սկսելուց 10 օր առաջ ծանուցել տնտեսվարողին, սակայն կադաստրի կոմիտեն ստուգումները սկսում է, ապա 2 օր հետո ուղարկում ծանուցումը, ինչն օրենքի բացահայտ խախտում է՝ չհաշված, որ շատ տնտեսվարողներ ընդհանրապես բողոքարկում են հենց ստուգումներ անցկացնելու իրավաչափությունը: Ահա սա է նորօրյա կադաստրի կոմիտեի գործելաոճը, որը կարծես թե ոչնչով չի տարբերվում հին կադաստրից, եթե իհարկե ընդունենք այն փաստը, որ վերջին մեկ տարվա ընթացքում այս կառույցում ընդհանրապես բարեփոխումներ են եղել:
Դա էլ դեռ քիչ է, կադաստրի կոմիտեն առաջարկում է նախկին իշխանությունների կողմից մշակված «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որը հակասական է դիտվում գնահատողների ինքնակարգավորման և ազատականացման գործընթացի իրականացման ֆոնին: Այն դեպքում, որ օրենքի նման նախագիծը նպատակադրված կերպով առաջացնելու է բազմաթիվ կոռուպցիոն ռիսկեր, սահմանում է տոտալ վերահսկողություն և շուկայում գերիշխող դիրքի ձևավորման երևույթներ, ինչն ակնհայտ ձեռնտու էր նախկին իշխանություններին և նույնիսկ բնորոշ չէ բռնապետական հասարակարգ ունեցող երկրներին: Սակայն այս հանգամանքը բնավ էլ չի խանգարում Սարհատ Պետրոսյանի գլխավորած կառույցին: Ի դեպ, Պետրոսյանը պաշտոնը ստանձնելուն պես աղմկոտ բացահայտումներ էր խոստանում, որոնց մինչ օրս այդպես էլ ականատես չենք լինում: Բացահայտումները և ոլորտը կարգավորելը՝ ոչ, սակայն ռեկետը և ապօրինի աշխատելը այս կառույցի մոտ փայլուն է ստացվում: