Հայաստանի քաղաքացիներն արդեն հասցրել են մոռանալ ՊՎԾ կոչվող կառույցի մասին, այն պարզ պատճառով, որ վերջին երկու տարիների ընթացքում մամուլում հիշատակվում է միայն կառույցի պետերի փոփոխությունների մասին և ոչ մի խոսք այն ցնցող բացահայտումների մասին, որոնք մեզ ժամանակին խոստանում էին:
Նիկոլ Փաշինյանը հեղափոխությունից հետո հայտարարում էր, որ ՊՎԾ-ն պետք է դառնա կոռուպցիայի ողնաշարը կոտրող կառույց, սակայն, կարծես թե, մի բան այնպես չէ գնացել: Բանն այն է, որ Դավիթ Սանասարյանի կառույցից հեռանալուց հետո արդեն երեք պետ է փոխվել, սակայն չկան բացահայտումներ: Ստացվում է` կա՛մ պետական համակարգից ի սպառ վերացել է կոռուպցիան՝ ինչը, իհարկե, քիչ հավանական է` հաշվի առնելով այն թավշյա թալանը, որը տեղի է ունենում անթաքույց և օրը ցերեկով, կա՛մ ՊՎԾ-ին վերևից հրահանգված է ընթացք չտալ հայտնաբերված խախտումներին; Եթե, իհարկե, ուսումնասիրություններ ընդհանրապես կատարվում են և վերը նշյալ խախտումները ընդհանրապես հայտնաբերվում են:
Արգիշտի Քյարամյանի կառավարման կարճ ժամանակահատվածում մեծամասաբ ջրվեցին Սանասարյանի օրոք բացված քննությունները, դրանցից և ոչ մեկին համապատասխան ընթացք չտրվեց:
Այնուհետև Ռաֆայել Զաքարյանի աստեղային ժամն էր, ով, սակայն, նույնպես չտպավորեց: Վերջինիս ընդհանրապես համարում են Սերժ Սարգսյանի կադր և դժվար էր սպասել, որ Զաքարյանը պետք է կոռուպցիոն բացահայտումների կամ խախտումների հայտնաբերման մասով բում աներ:
Երրորդ պետը նախկին պատգամավոր Տիգրան Ուլիխանյանն է՝ Նիկոլ Փաշինյանի ամենաթեժ երկրպագուներից մեկը, ում կառավարման շրջանում ՊՎԾ-ում բացահայտումներ սպասելը աբսուրդ է: Չնայած՝ Ուլիխանյանն արդեն իսկ ապացուցել է, որ փնտրելու և պրպտելու հետ մեծ սեր ունի: Պատերազմի ամենաթեժ օրերին նա հիմնավոր կասկածներ էր հայտնում, որ բանակում դավաճանության դեպքերը եզակի չեն: Սակայն, որպես ապացույց` իր հիմնավոր կասկածների նա այդպես էլ ոչինչ չներկայացրեց: