Հարցերը, որ առաջ են գալիս ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից օրերս հրապարակված՝ 2017-ի առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկի հետ կապված, թերևս, բազում են: Դրանցից մեկն էլ կապված է Հայաստանում վառելիքի շուկայում տարիներ շարունակ հեգեմոն դիրք զբաղեցնող «Ֆլեշ» ընկերության հետ, որն, ինչպես հայտնի է, Բարսեղ Բեգլարյանին է պատկանում: Բանն այն է, որ այս ընկերությունը սույն ցուցակում էապես զիջել է դիրքերը՝ զբաղեցնելով ընդամենը 17-րդ հորիզոնականը:


Ի դեպ՝ Բարսեղ Բեգլարյանն, իր հարցազրույցներց մեկում խոսելով այս տարօրինակ վիճակագրության մասին, շտապել էր չքմեղանալ, թե իրավիճակը պայմանավորված է բացառապես օբյեկտիվ հանգամանքներով, և որ «Ֆլեշ» ընկերությունը կրճատել է ներմուծումն ու վաճառքը:

 

Իհարկե, այս ամենը միգուցե ընկալելի կհամարվեր,եթե չլիներ մեկ կարևոր հանգամանք. հենց Բեգլարյանին պատկանող ընկերությունն է պետական տենդերների մեծագույն մասի շահողը, գումարած դրան՝ հենց այս ընկերությունն է ոլորտում եղանակ ստեղծողի դերում հանդես եկողը, ինչը, բնականաբար, նորություն չէ: Հետևաբար՝ կասկած լինել չի կարող, որ ընկերության՝ համապատասխան ցուցակում 17-րդ տեղում հայտնվելը պայմանավորված է միանգամայն այլ հանգամանքներով: Չի բացառվում, որ այս իրավիճակը պայմանավորված լինի հայաստանյան ընտրություններով. հանդիսանալով փողի հիմնական աղբյուրներից մեկն՝ ընկերությունն արտոնություններ է ստացել ու թաքցրել եկամուտները, կրճատել բյուջե մուծվող հարկերն, ինչի շնոհիվ կարճ ժամանակահատվածում կարողացել է հետ վերադարձնել ընտրություններին ծախսած գումարները. այս կերպ, ըստ էության, իշխանությունները վարձահատույց են եղել Բեգլարյանի առատաձեռնության դիմաց: Իսկ սա ենթադրում է մեկ պարզ բան. գործ ունենք ոչ թե օբյեկտիվ իրավիճակի հետ, այլ՝ միանգամայն շինծու:

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ