Օրերս կառավարության նիստում որոշում է կայացվել, համաձայն որի «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը ազատվել է պետական տուրքի գումարները վճարելու պարտականությունից: Կառավարությունը իր այս որոշումը հիմնավորել է նրանով, որ ընկերության կողմից ստանձնած վարկային պարտավորությունների չկատարումը պայմանավորված է ՀՀ համայնքներին մատակարարված ապրանքների դիմաց վճարումներ չկատարելու հանգամանքով և որոշման շնորհիվ այս ընկերությունը կազատվի լրացուցիչ պարտավորությունների կատարումից ու այսուհետ հնարավորություն կունենա կատարելու վարկային պայմանագրով ստանձնած պարտավորությունները: Հիմնավորումը՝ հիմնավորում, սակայն ամենաուշագրավն այստեղ այն փաստն է, որ «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում ընկերությունը, ինչպես հայտնի է, պատկանում է հայտնի օլիգարխ Բարսեղ Բեգլարյանին՝ Ֆլեշի Բարսեղին: 
 
Բարսեղ Բեգլարյանը «Ֆլեշ» ընկերության սեփականատերն է: Բացի այդ՝ նրան է պատկանում «Ղարաբաղ գոլդ» ընկերության բաժնետոմսերի 55 տոկոսը, «Ֆլեշ+» ընկերության 80 տոկոսը, «Ալյանս» ապահովագրական ընկերության 10.5 տոկոսը, «Արարատ» բանկը` համասեփականատիրոջ իրավունքով, հանրապետության ողջ տարածքում բազմաթիվ բենզալցակայաններ, օբյեկտներ և այլն: Ստացվում է` կառավարությունը դողում է կրթությանը հատկացվելիք ամեն մի լումայի վրա, բայց ահա Ֆլեշի Բարսեղի ընկերությանը տուրքից ազատելու նպատակով, բաց աչքերով 14 միլիոն դրամ է հատկացնում: Ի դեպ սա առաջին դեպքը չէ, երբ Ֆլեշի Բարսեղը առեղծվածային կերպով հայտնվում է արտոնյալների կաստայում: 2017-ի առաջին եռամսյակի խոշոր հարկատուների ցանկում նրա ընկերությունը զիջել էր դիրքերը, հայտնվելով 17-րդ հորիզոնականում, մինչդեռ Ֆլեշ ընկերությունը պահպանում էր վառելիքի շուկայում իր դոմինանտ դերը և շահում տենդերների գերակշիռ մասը: Կարելի է ենթադրել, որ ընկերությունն արտոնություններ էր ստացել ու թաքցրել եկամուտները, կրճատել բյուջե մուծվող հարկերն, ինչի շնոհիվ կարճ ժամանակահատվածում կարողացել էր հետ վերադարձնել ընտրություններին ծախսած գումարները. այս կերպ, ըստ էության, իշխանությունները վարձահատույց են եղել Բեգլարյանի առատաձեռնության դիմաց ու մինչ օրս էլ շարունակում են ուժերի ներածին չափով օգտակար լինել:
 
Կառավարությունում սվիններով են ընդունում, օրինակ, փոքր բիզնեսի համար հարկային արձակուրդներ սահմանելու գաղափարը՝ պատճառաբանելով, թե դա հակասում է մրցակցային սկզբունքին, բայց արի ու տես, որ դեմ չեն օլիգարխիկ համակարգին կցված գործարարի համար արտոնություններ սահմանել՝ այդ ամենը լրատվամիջոցներով ներկայացնելով իբրև նոր բիզնես մշակույթի ներդրման փորձ: Արտոնությունների ինստիտուտի ներդրումը ու անմրցակից տենդերների կազմակերպումն այս կառավարության ամենաբնորոշ վարքագիծն է` մեր բոլոր կառավարությունների նման: Նույն տրամաբանությամբ էլ կառավարությունը առաջնորդվում է, երբ որոշում է կայացնում տալ հողակտորներ՝ «Սպայկա»-ին, արտոնություններ՝ «Լիդիան Արմենիա»-ին
 
Ստելլա Խաչատրյան