Այսօր խորհրդարանում Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված խորհրդարանական լսումների թեման «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծն է։ Օրենքի նախագիծը, ընդունվելու դեպքում, պետք է փոխարինի այժմ գործող «Զինապարտության մասին» և «Զինվորական ծառայության անցնելու մասին» օրենքներին։ Օրենքի նախագծի հիմնավորումների մեջ նշվում է, որ նման օրենքի ընդունումը պայմանավորված է ՀՀ Սահմանադրության փոփոխություններով։

Այս նախագծով նոր լուծում է տրվում ուսման հիմքով զինծառայությունից տարկետում ստանալուն: Սա նշանակում է, որ օրենքի ընդունման դեպքում կարող են զինվորական ծառայությունից տարկետում ստանալ ոչ թե ուսանողները, ովքեր ընդունվել են պետպատվերով տեղերում, այլ միայն Պաշտպանության նախարարության հետ պայմանագիր կնքած քաղաքացիները, պատգամավորները և նրանք, ում համար կառավարությունն առանձին որոշում կկայացնի: Այժմ հարց է առաջանում՝ եթե Վիգեն Սարգսյանն ամեն դեպքում բանակը համալրելու նպատակով դիմում է քաղաքացիների կրթության իրավունքի ոտնահարմանը, ապա ինչո՞ւ է նման բացառություններ սահմանում: Արդյո՞ք կառավարության որոշմամբ տարկետում ստացողները չեն լինելու հենց այդ կառավարության մաս կազմող պաշտոնյաների զավակները, ո՞վ է բացառելու խնամի-ծանոթ-բարեկամի սկզբունքը՝ այդ որոշումներն ընդունելիս: Դրանով միաժամանակ կասկածի տակ է դրվելու տարկետման տրամադրման ողջ գործընթացի թափանցիկությունը:Մինչդեռ՝ Ազգ-բանակ հայեցակարգը, որքանով հիշում ենք, հիմնվելու էր կամավորության և թափանցիկության վրա: Այժմ իր զավակին իրավական հիմք հաղորդելով, Վիգեն Սարգսյանը այն զրկում է միաժամանակ երկուսից էլ:

 

Ստելլա Խաչատրյան