Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Ղամբարը հայտարարել է, որ ադրբեջանական իշխանությունները վախենում են Ռուսաստանից, ինչի համար էլ անհավասարակշիռ քաղաքականություն են տանում Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ: Այս մասին հայտնում է «Ենի Մուսավաթ» թերթը:

 

«Իշխանության ներկայացուցիչները սիրում են խաղալ բառերով. Վաշինգտոնում նրանք ասում են, որ Ադրբեջանը Մոսկվայի եւ Թեհրանի միջեւ «սենդվիչի» վիճակում է, իսկ Մոսկվայում էլ խոսում են Արեւմուտքի երկակի չափանիշների մասին», -թերթի հետ զրույցում է ասել է Ղամբարը:

 

Նրա կարծիքով, Ադրբեջանի իշխանությանը թվում է, թե դա հավասարակշռված քաղաքականություն է, այնինչ' դա կատարյալ անհեթեթություն է:

 

«Հավասարակաշռված քաղաքականությունն այն է, երբ պետությունը, ելնելով սեփական ազգային շահերից, խուսանավում է իր շահերի իրականացման հնարավորությունների հարցերում' հաշվի առնելով մյուս աշխարհաքաղաքական խաղացողներին: Բայց փորձել հավասարակշռել Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ, ձգտել Արեւմուտքում դուր գալ նրանց քաղաքական էլիտային, իսկ Ռուսաստանում' ռուսաստանյան, դա բալանս չէ:

 

Դա ուղղակի անհարգալից դրսեւոորում է սեփական պետության նկատմամբ: Երկրի ղեկավարությունը վախենում է տարբեր աշխարհաքաղաքական խաղացողներից' կախված այն բանից, թե ինչք ան ուժեղ են նրանք սպառնում երկրին: Դատելով ամեն ինչից, ռուսաստանյան եւ իրանական շրջանակների կողմից սպառնալիքներն ավելի լուրջ են: Իսկ Արեւմուտքը գերադասում է մեղմ ներգործությունը: Դրա հետ միասին Արեւմուտքն ընտրության հնարավորություն է տալիս: Նա չի սպառնում: Հենց այդ պատճառով էլ իշխանություններն ավելի շատ երկյուղում են Ռուսաստանից», -ասել է նա:

 

Իսա Ղամբարի խոսքով, Ադրբեջանի իշխանությունները լավ են հասկանում, որ եվրոպական կառույցներ ինտեգրումը տնտեսական եւ քաղաքական բարեփոխումների իրագործում, համաշխարհային եւ եվրոպական չափանիշներին համապատասխանելիություն է պահանջում: «Եթե երկիրը գնա այդ ուղղությամբ, ապա իշխանությունը առաջինը կկորցնի իր կոռուպցիոն լծակները, երկրորդը' առաջին իսկ ընտրություններում նա կպարտվի», -ամփոփել է ընդդիմադիր կուսակցապետը: