Միացյալ Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդ, պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիեւը հայտարարել է, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը «ադրբեջանական ներկայիս կառավարության կազմում ամենաանկարող նախարարներից մեկն է եւ պետք է հրաժարական տա»: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանցի կուսակցապետը հայտարարել է moderator.az-ի հետ զրույցում:
Կոչ անելով հրաժարական տալ զբաղեցրած պաշտոնից' Հասանգուլիեւը Էլմար Մամեդյարովի հասցեին սուր արտահայտություններ է օգտագործել:
«Նրա պահվածքից բռնած մինչեւ արած հայտարարություններն ու դեսպանատները ղեկավարելու ունակությունը ոչ մի բան տեղում չէ: Այդ մարդու արտաքինից մինչեւ նրա հայտարարությունները ոչ մեկին դուր չի գալիս», -ասել է նա' նշելով, որ ինքն անձանմբ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի անձի նկատմամբ ոչ մի խնդիր չունի:
Հասանգուլիեւն ասել է, որ Ադրբեջանի դեսպանների մեջ եւս իրենց տեղում չգտնվող մարդիկ կան: «Եվրոպայում մեր որոշ դեսպաններ դեսպանատների շենքերն օգտագործում են սեփական բիզնեսը ստեղծելու ուղղությամբ իրենց կոմերցիոն նպատակների համար: Նրանցից շատերն այնքան անկարող են, որ Ադրբեջանի մասին ճշմարտությունները չեն կարողանում իրենց գործունեության երկրների ոչ թե առաջատար, անգամ միջին մակարդակի մամուլում հրապարակել: Բայց մենք այստեղ տեսնում ենք, թե ինչպես են կարողնում ԱՄՆ-ի եւ այլ երկրների դեսպանները պարբերաբար հանդիպել մամուլի, ընդդիմության ներկայացուցիչների, առաջատար լրագրողների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ», -ասել է նա:
Գ. Հասանգուլիեւի կարծիքով, որոշ դեսպաններ, Բաքվից հատուկ ցուցում չլինելու դեպքում, իրենց գործն ավարտած են համարում տարին մեկ անգամ միայն Հանրապետության օրը նշելով: «Նրանք ոչ միայն իրենց գործունեության երկրի, անգամ մեր սփյուռքի հետ նորմալ հարաբերություններ չեն կարողանում ստեղծել: Տեսեք, սփյուռքի կազմակերպությունների մեծ մասը հակամարտության մեջ է մեր դեսպանությունների հետ: Կարծում եմ, որ մեր դիվանագիտության համար պատասխանտու մարդկանց ընտրության ուղղությամբ անհրաժեշտ է լուրջ բարեփոխումներ կատարել», -ընդգծել է նա:
Հասանգուլիեւը հայտարարել է, որ արգործնախարար Մամեդյարովը թույլ գտնվեց նաեւ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում նախագահության շրջանում: «Նրանից ոչ մի լուրջ կարծիք չլսեցինք Ադրբեջանի խնդիրների եւ միջազգային միությունից անկալիքների, ցանկությունների եւ պահանջների վերաբերյալ: Շատ ափսոս, որ հակառակ մեր սպասելիքներին, նա չկարողացավ մեզ իրեն ներկայացնել որպես երկրի գլխավոր դիվանագետ», -ասել է պատգամավորը:
Ադրբեջանական «Ազադլըգ» թերթը Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հասցեին պատգամավոր Հասնագուլիեւի նման սուր արտահայտությունները կապել է այդ երկրի իշխանության «Նախիջեւանի խմբավորման», որին պատկանում է նա եւ «Փաշաեւների» (Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիեւայի հայրական կլանը), որին պատկանում է Էլմար Մամեդյարովը, թեւերի միջեւ գնալով աճող հակամարտությամբ:
«Այդ խմբավորումների միջեւ ժամանակ առ ժամանակ «փոխհրաձգություններ» են տեղի ունենում: Իշխանության որդեգրած քաղաքականության հարցում նրանց միջեւ հակասություն է առաջացել: Էլմար Մամեդյարովի հասեցին «Նախիջեւանի խմբավորման» հարվածների պատճառը հստակ հայտնի չէ: Որոշ ենթադրությունների համաձայն, Ադրբեջանում առաջիկայում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների հետ կապված' «Նախիջեւանի խմբավորումը», որի ղեկավարը արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադդին Հեյդարովն է, ցանկանում է վերահսկողություն սահմանել նաեւ իշխա նության արտաքին քաղաքականության նկատմամբ»,-նշել է «Ազադլըգ» թերթը: