Արցախի Հանրապետությունում տեղացած առատ ձյան պատճառով ներպետական որոշ ճանապարհներ դժվարանցանելի են։
«Արցախուղի» ՓԲ ընկերությունը ձյան մաքրման և աղցանման աշխատանքներ է իրականացրել Ստեփանակերտ-Ննգի-Մարտունի, Ստեփանակերտ-Վանքի խաչմերուկ-Դրմբոն, Ստեփանակերտ-Ասկերան, Ստեփանակերտ-Շոշ-Կարմիր շուկա միջշրջանային ճանապարհահատվածներում։
Այս պահին ճանապարհները բաց են ձմեռային անվադողերով երթևեկող բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Մայրաքաղաքում մաքրման աշխատանքներն իրականացրել են քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ՀՈԱԿ-ներն ու ՊՈԱԿ-ները։
Ստեփանակերտ-Բերձոր-Գորիս միջպետական մայրուղու ամբողջ երկայնքով մաքրման, աղի ու ավազի ցանման աշխատանքներ է իրականացրել «Վահե Կարապետյան» ՓԲ ընկերությունը։ Ճանապարհը հիմնականում երկկողմանի բաց է։
Բեռնատարների համար դժվարանցանելի է Սյունիքի մարզի որոշ ճանապարհահատվածներում։
ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունը խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և մեքենաների արագությունն ընտրել՝ հաշվի առնելով եղանակային պայմանները։