The Young Turks («Երիտթուրքեր») խոշորագույն լրատվական առցանց շոուի համասեփականատեր, ամերիկացի հայտնի հեռուստահաղորդավարուհի Անա Կասպարյանը Twitter-ի իր էջում քննադատել է ԱՄՆ-ին և խոսել Արցախի ու Հայաստանի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի մասին:
«Որտե՞ղ էր, գրողը տանի, ԱՄՆ-ն, երբ վերջերս Ադրբեջանը պատրաստում էր գրավել Հայաստանը։ Ոչ մի ձայն չկար այն նույն կոնգրեսականներից, որոնք շտապում են նոր անխոհեմ պատերազմի մինչ մենք խոսում ենք։ Զարմանալի է, թե ինչքան շատ մարդ է այստեղ կարծում, որ ԱՄՆ-ն հոգ է տանում ինքնիշխան պետությունների պաշտպանության մասին»,- գրել է նա։
Մեկնաբանություններում թուրք և ադրբեջանցի օգտատերերը հարձակվել են հաղորդավարուհու վրա` նշելով, թե իբր ԱՄՆ-ն նախկինում պետք է Ադրբեջանին օգներ «ազատագրել օկուպացված հողերը»։
Դրան ի պատասխան` Կասպարյանն ավելի կոշտ է արտահայտվել. «Այդ հողն ապօրինի կերպով է փոխանցվել ադրբեջանցիներին Ստալինի կողմից։ Այդ երկրի բնակչության ճնշող մեծամասնությունը էթնիկ հայեր էին։ Բայց թուրք ժողովուրդները որոշ բաներ գիտեն հողեր գողանալու և մարդկանց կոտորելու մասին»։