Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանը կշարունակի քննել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ Այս մասին գրում է Փաստիֆո-ն։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ երեկ դատավորի պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել՝ Արղամանյանին ինքնաբացարկ հայտնելու մասին՝ հիմքում դնելով մակագրման ընթացքում օրենքով սահմանված կարգի խախտման հանգամանքը։
Բացի այդ՝ թեև կալանավորման միջնորդությունը անհապաղ քննության է ենթակա, դատավոր Արղամանյանը դատական նիստի օր է նշանակել միայն միջնորդությունը ներկայացնելուց երեք օր հետո, ինչն էլ իր հերթին է կասկածներ առաջացրել պաշտպանության կողմի մոտ։
Ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշումը պետք է հրապարակվեր այսօր, ժամը՝ 10։00֊ին։ Միջնորդությունը մերժելու մասին որոշման հրապարակումից հետո դատական նիստը շարունակվում է։
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազը ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, ՀՀ ԲԴԽ-ին ներկայացրել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդություններ, որոնք ԲԴԽ-ի կողմից բավարարվել են։
Նշենք, որ դատավորի նկատմամբ հետապնդում է իրականացվում՝ Մանվել Փարամազյանի դեմ ցուցմունք տված Նիկոլ Փաշինյանի աջակցին կալանավորելու համար, թեև ամբաստանյալն ինքն էր դրսևորել ոչ պատշաճ վարքագիծ՝ չներկայանալով դատական նիստերին։ Քրեական գործը, որի շրջանակներում դատավորին մեղադրանք է առաջադրվել, հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասով՝ անձին ապօրինի կալանավորելու հատկանիշներով, որն առաջացրել է ծանր հետևանք։ ԱԱԾ-ն միջնորդություն է ներկայացրել դատարան՝ դատավորի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, որը մակագրվել է դատավոր Դավիթ Արղամանյանին։ Դատավորների միությունը մտահոգություն է հայտնել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ դատախազության և ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից քրեական հետապնդում իրականացնելու և անձեռնմխելիությունից (այդ թվում անձնական ազատությունից) զրկելով զուգորդված քրեական հետապնդում իրականացնելու գործընթացի հետ կապված, որը պայմանավորված է դատավորի գործունեության հետ։
Նշենք, որ դատավոր Բորիս Բախշիյանի վարույթում է գտնվում Սիսական ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի գործը։ Օրերս դատավոր Բախշիյանը որոշում էր կայացրել՝ Մինասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին, ինչից հետո Մինասյանն ազատ է արձակվել։ Դատավոր Բորիս Բախշիյանի վարույթում են գտնվում նաև Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի և Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի վերաբերյալ քրեական գործերը։