Հայաստանը և Ադրբեջանը նախ և առաջ պետք է քայլեր ձեռնարկեն հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության և կայունության բարձրացման ուղղությամբ և գործը տանեն դեպի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի ձևավորում։ Ազգային ժողովում Կառավարության անդամների հարց ու պատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝
պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հարցին, թե ինչ է իրենից ներկայացնում զորքերի հայելային հետքաշման գաղափարը և զարգացումներ կան այս ուղղությամբ։
«Տեղյակ եք, որ 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում ընդունված եռակողմ գրավոր հայտարարության մեջ, որը ստորագրվել է Ռուսաստանի նախագահի կողմից, Ադրբեջանի նախագահի կողմից և իմ կողմից, արձանագրված է, որ կողմերը պայմանավորվել են քայլել ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության և կայունության բարձրացման ուղղությամբ և գործը տանել դեպի սահմանազատման և սահմանագծման երկկողմ հանձնաժողովի ձևավորում։ Քանի որ այս առումով շահագրգռված ենք և, բնականաբար, պետք է տեր կանգնենք մեր իսկ պայմանավորվածությանը, առաջարկ ենք արել։ Եվ մեր պատկերացումը հետևյալն է, որ զինված ուժերը պետք է հայելային հետ քաշվեն»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը ներկայացրեց, թե ինչ է իրենից ներկայացնում զորքերի հայելային հետքաշման գաղափարը։
«Նշանակում է, որ հայ-ադրբեջանական սահմանային գծից հավասար հեռավորության վրա պետք է հետ քաշվեն, որից հետո սահմանների պահպանությունը պետք է հանձնվի սահմանափակ թվով սահմանապահ ծառայության ծառայողների և արդյունքում հընթացս պետք է տեղի ունենա միջազգային մոնիթորինգ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու իմաստով։
Հաջորդ ֆունդամենտալ հարցը, որ ծագում է հետևյալն է.արդյոք Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունի պետական սահման։ Մեր հարցի պատասխանը միանշանակ դրական է։ Ինչու, որովհետև Հայաստանի և Ադրբեջանի միջև դեռևս խորհրդային ժամանակներում գոյություն է ունեցել սահման, որը դելիմիտիացիայի է ենթարկվել, իսկ 1991 թվականի ԱՊՀ ստեղծելու մասին համաձայնագրով, որը վավերացրել է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի խորհրդարանների կողմից, այդ սահմանները ճանաչվել են։ Հետևաբար, կարծում ենք, որ ահա այս պայմանավորվածությունները պետք է իրագործվեն այս տրամաբանությամբ։ Ընդ որում, պատրաստ ենք լսել այլ առաջարկներ և այլ պատկերացումներ»,- ասաց վարչապետը։
Վարչապետի խոսքով՝ այս թեմայով կան բազմաթիվ անհիմն շահարկումներ, որ գյուղերը անպաշտպան են մնալու և այլն։
«Չկա այդպիսի բան, և առաջարկների փաթեթում ամեն ինչ հաշվի է առնված։ Պետք է նաև խոստովանել մի բան, որ այդ առաջարկը, որ մենք անում ենք, այնպես չէ, որ 100 տոկոսով կոմֆորտ է Հայաստանի համար կամ դիսկոմֆորտ է Ադրբեջանի համար։ Կա սահմանային գիծ և, կարծում ենք, որ այդ սահմանային գծով պետք է հետ կաշում տեղի ունենա, ընդ որում արձանագրելով, որ սա չի կանխորոշում սահմանազատման և սահմանագծման հետագա արդյունքները, այլ դա պետք է լինի համապատասխան բանակցությունների առարկա։
Կարծում եմ, որ այս առաջարկեները հիմնված են լեգիտիմ և օրինական արձանագրումների վրա։ Շատ կարևոր եմ համարում, որ այս առաջարկների էությունը մեր խորհրդարանական գործընկերների կողմից պատշաճ ձևով ներկայացվի միջազգային հանրությանը, որովհետև կարծում եմ, որ այս իրավիճակի ոչ ճիշտ մեկնաբանությունը որոշ ուժեր կարող են օգտագործել սահմանին նոր էսկալացիաներ հրահրելու համար։ Եվ մեզ համար շատ կարևոր է արձանագրել լեգիտիմ օրինական իրողությունները և արձանագրել, որ կա գործուն այսպիսի մեխանիզմ, որը կարող է կանխել հետագա որևէ էսկալացիա»,- եզրափակեց Փաշինյանը։