«Իմ ահազանգը․ համադրելով բոլոր այն գործընթացները, որոնք այսօր ես տեսնում եմ՝ Հայաստանն անցել է երկրորդ տարբերակին և գնում է երկրորդ ճանապարհով։ Այս ճանապարհների մեջ տարբերությունը հետևյալն է՝ Ռուսաստանին ձեռնտու է ունենալ Հարավային Կովկասում ուժեղ դաշնակից, ինչպիսին մենք եղել ենք մինչ վերջին պատերազմը։ Դաշնակից, որը տարածաշրջանում գործոն է։ Թուրքիան ուզում է ունենալ չափազանց թույլ Հայաստան, քանի որ միայն այդ պարագայում Հայաստանը ոչ մի խոչընդոտ չի կարող լինել Թուրքիայի հեռահար ծրագրերին». Այս մասին այսօր՝ փետրվարի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
«Բոլոր հարցումները ցույց են տալիս, որ մեր ժողովուրդը պատրաստ չէ այդպիսի զարգացմանը, սակայն ես տեսել եմ, թե ինչպես Վրաստանում 5-10 տարվա մեջ փոխեցին մարդկանց տրամադրություններն ու ինչպիսի հակառուսականություն քարոզվեց ու արմատավորվեց Վրաստանում։ Պետք է ազնիվ լինենք, ժողովրդին ասենք, թե որոնք են ճանապարհները։ Կրկնում եմ՝ իմ տպավորությամբ, մենք գնում ենք երկրորդ տարբերակով»,-նշեց երկրորդ նախագահը։
«Խոսքը Ռուսաստանի հավատարիմ լինել-չլինելու մասին չէ։ Պետք է ուղղակի շատ սթափ հաշվարկ անել, թե ինչ ենք ստանում այս կամ այն դեպքում։ Խոսքը Հայաստանի ապագայի տեսլականի մասին է ու այն մասին, թե որ տարբերակն է բերելու ավելի ուժեղ, ավելի կազմակերպված, իրենցից գործոն ներկայացնող Հայաստանի։ Բրիտանական ասացվածք կա՝ ուզում ես հավատարիմ ընկեր ունենալ, շուն պահիր։ Ռուս հումորիստ Զադորնովն իր հերթին վերաձևակերպել է այն՝ ուզում ես լավ ընկեր լինել, պարտադիր չէ շուն լինել։ Այստեղ խոսքը վերաբերում է քաղաքականությանը, պետական ու ազգային շահերին»,-ընդգծեց Ռոբերտ Քոչարյանը։