Ռուսաստանն ու Ադրբեջանը համաձայնեցնում են Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլի ժամկետները։ Այս մասին «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։
«Մեր խաղաղապահ կոնտինգենտի վերաբերյալ Մոսկվայի և Բաքվի միջև բանակցությունների հաջորդ փուլի ժամկետներն այժմ համաձայնեցվում են Ադրբեջանի ԱԳՆ-ի հետ»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ ռուս խաղաղապահների գտնվելու ժամկետը Լեռնային Ղարաբաղում ավարտվում է 2025 թվականին։
Եվդոկիմովը նշել է, որ այն բանից հետո, երբ Բաքուն վերականգնեց վերահսկողությունը տարածաշրջանի ողջ տարածքում, փոխվեց խաղաղապահ կոնտինգենտի դերը։ «Այժմ՝ հակաահաբեկչական գործողության ավարտից հետո, ռուս խաղաղապահները ադրբեջանական ուժերի հետ միասին պարեկություն են իրականացնում տարածքում՝ պաշտպանելով շենքերն ու մշակութային կառույցները», - ասել է դիվանագետը։