Թուրքական «Karar» հրատարակությունը հոդված է հրապարակել, որտեղ ռուսական տասը շրջաններն անվանել է անկախություն չունեցող ինքնավար թյուրքական հանրապետություններ։

«Ենթադրվում է, որ աշխարհում 200-250 միլիոն թուրք կա, և այդ բնակչության մոտավորապես մեկ երրորդն ապրում է Թուրքիայում»,- ասվում է հոդվածում։
Տեքստում նշվում է, որ, ընդհանուր առմամբ, կան յոթ թյուրքական պետություններ՝ Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը, Թուրքմենստանը և Հյուսիսային Կիպրոսը, որոնց անկախությունը ճանաչել է միայն Անկարան։

Թվարկված են նաև թյուրքական մեծամասնություն ունեցող ինքնավար շրջանները՝ Չինաստանի Սինցզյան ույղուրական ինքնավար շրջանը (հոդվածում կոչվում է Արևելյան Թուրքեստան), Մոլդովայում՝ Գագաուզիան, Ուզբեկստանում՝ Կարակալպակստան և Ադրբեջանում՝ Նախիջևանը։

Հրապարակումն այնուհետև թվարկել է «ինքնավար թյուրքական հանրապետությունները»: Այս ցանկում ներառվել են Ռուսաստանի տասը շրջաններ՝ Թաթարստան, Բաշկիրիա, Չուվաշիա, Տուվա, Յակուտիա, Ալթայ, Կաբարդինո-Բալկարիա, Դաղստան, Խակասիա և Կարաչայ-Չերքեզիա: Միաժամանակ նշվում է, որ թյուրք ժողովուրդների ներկայացուցիչները մեծամասնություն չեն կազմում բոլոր հանրապետություններում։