Բավականին ուշագրավ իրադարձություններ են ծավալվում Սյունիքի մարզում, արդեն իսկ ակնհայտ է, որ այստեղ Նիկոլ Փաշինյանը կադրային լուրջ չիստկա է սկսել, որի թիրախում արդեն իսկ հայտնվել է փոխմարզպետ Նարեկ Բաբայանը, հերթը, ինչպես ասում են, մարզպետ Մելիքսեթ Պողոսյանինն է, Վերջինս թեև չի հաստատել իր մոտալուտ հրաժարականի մասին լուրերը, սակայն, չի էլ հերքել, իսկ դա ենթադրում է, որ Սյունիքում մոտ օրերս կադրային լուրջ տեղափոխություններ են լինելու:
Իսկ ովքե՞ր են Մելիքսեթ Պողոսյանի հավանական փոխարինողները: Նրանք երեքն են՝ ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանը, Սյունիքի նախկին մարզպետ Արմեն Խաչատրյանը և ԱԻՆ նախկին փոխնախարար Կարեն Սարուխանյանը: Երեք ՔՊ-ականներին միավորում է այն հանգամանքը, որ նրանք մերժվել են ընտրությունների ժամանակ հանրության կողմից, սակայն, հիմա Նիկոլ Փաշինյանը ինչպես ասում են՝ զոռբայությամբ և աչք փակելով հանրության քվեի վրա նրանցից մեկին նշանակելու է այդ բարձր պաշտոնի: Դիցուք ՝ Դավիթ Դանիելյանը պարտվել էր Կապանում և հասկանալի է, որ եթե Կապանում պաշտոնյան պարտվում է ապա դժվար թե Սյունիքում վերջինիս մարզպետ նշանակվելը ողջունելի լինի:
Ինչ վերաբերվում է Կարեն Սարուխանյանին, ապա վերջինս Ամասիայում պարտություն կրելուց հետո ընդհանրապես հեռացվեց ԱԻՆ փոխնախարարի պաշտոնից: Նրան Փաշինյանը չներեց տապալումը Շիրակի մարզում, իսկ այժմ կարծես թե կա հնարավորություն ռեաբիլիտացվելու արդեն Սյունիքում:
Արմեն Խաչատրյանն էլ իր հերթին գաղտնիք չէ, որ ցանկանում է վերադառնալ Սյունիքի մարզպետի պաշտոնին: Այս ընթացքում նա ակտիվորեն դա ի ցույց է դրել: Մամուլը բազմիցս էր գրել, որ Պողոսյանի և Խաչատրյանի հարաբերությունները հարթ չեն: Վերջին դրվագն էլ նկատվեց ամիսներ առաջ: Գորիսում ՔՊԿ-ի նախընտրական ցուցակը գ;խավորում էր 46-ամյա Վլադիմիր Աբունցը։ Նա Ագարակի մաքսատան նախկին պետն է եղել՝ 2019 թվականի մարտի 8-ից սկսած՝ չի աշխատում, ժամանակին բավականին ջերմ հարաբերություններ է ունեցել ՀՀԿ-ականների հետ եւ ՃՈ պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանի մտերիմն է, ու վերջինիս շնորհիվ է ՔՊ-ում նրա թեկնածությունը հաստատվել։ Մարզպետը ցանկացել է իր տեղակալ Կարո Ավանեսյանին առաջ հրել, սակայն՝ ապարդյուն։ Ներթիմային պայքարին ներգրավվել են նաեւ ընտանիքների անդամները' փոխմարզպետի կինն Արմեն Խաչատրյանին ու նրա թեկնածուին քննադատող ստատուս է գրել, ապա ջնջել:
Ինչպես տեսնում ենք' երեք թեկնածուներն էլ ունեն առիթներ և մոտվիացիա պայքարելու մարզպետի աթոռի համար, այլ հարց է, թե մերժվածներից ո՞ւմ երկրորդ շանս կտա Նիկոլ Փաշինյանը....