Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, արդարադատության նախկին նախարար, Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Գեւորգ Դանիելյանը պատասխանել է NEWS.am-ի հարցերին՝ կապված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ հոգևոր դասից Հանրապետության նախագահ առաջադրելու տեսակետի հետ։
Ստորեւ ներկայացնում ենք հարցազրույցը՝
Իրատեսական համարո՞ւմ եք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գաղափարը՝ Մայր Աթոռի Սրբազան հայրերից մեկին առաջադրել որպես Հանրապետության նախագահի թեկնածու։
Նախ, կխնդրեի իմ դատողությունները դիտարկել ոչ թե որպես Գերագույն հոգևոր խորհրդի անդամի, այլ իրավագետի դիրքորոշում, քանզի այս իրավիճակում առնվազն հարիր չէ անդրադառնալ մի հարցադրման, որի շուրջ անգամ քննարկումներ չեն ընթացել:
Գաղափարը լավ օրից չի ծնվել։ Երկիրը հայտնվել է համատարած ճգնաժամի մեջ, որպիսի պարագայում ստանդարտ լուծումները, մեղմ ասած, պիտանի չեն, ուստի կարծում եմ՝ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խնդրին անդրադարձել է հենց այս ասպեկտով: Իրատեսակա՞ն է, արդյոք, որպեսզի Հանրապետության նախագահի թեկնածուն լիներ Գերաշնորհ Սրբազան Հայրերից: Այս հարցին պատասխանելիս, կկամենայի ընդգծել, որ իմ սուբյեկտիվ կարծիքով՝ դա կլիներ ստեղծված վիճակին խիստ համահունչ, խորիմաստ, ազգանպաստ լուծում, սակայն, ցավոք, այն իրատեսական չէ, արդեն իսկ ընթացող զարգացումներն են դրա մասին վկայում: Իշխող քաղաքական ուժը իր էությամբ ի զորու չէ այդպիսի նախաձեռնության, իսկ սպասարկող քարոզիչները աճապարեցին հակադարձել՝ անհարկի ու անհիմն հեռու գնացող դիտարկումներով: Եվ արատավոր «ավանդույթին» հարազատ, մեծ մասը մի պահ մոռացավ վերջերս կյանքի կոչված «ծանր վիրավորանքի» քրեականացման մասին, թեպետ՝ ամիսներ շարունակ իրենք էին «պայքարում» հայհոյախոսության դեմ: Հավանաբար, վստահ են, որ այդ հոդվածը իրենց չի վերաբերում, դրա վեկտորը բոլորովին այլ է:
Ցավալի է, երբ հայ մարդուն ավելի շատ մտահոգում և ծայրաստիճան հունից հանում է ոչ այնքան Երկրի ծանր վիճակը, ռազմագերիների թնջուկը, հետպատերազմյան շրջանում թշնամու կողմից շարունակվող ագրեսիան, մեր Երկրի ղեկավարության ու ազգի նկատմամբ ցինիզմի հասնող Ալիևի հանցավոր պահվածքը, որքան քաղաքական գործչի կողմից պարզապես իրավիճակին համահունչ կարծիք հայտնելը: Ընդ որում, այսպես կոչված, կրոնապետության վերաբերյալ միահամուռ տեսակետերը հիմնազուրկ են, հեռու տարրական սահմանադրականության ընկալումներից:
Համաձայն «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի հոդված 17–ի՝ եկեղեցին անջատված է պետությունից, և արգելվում է եկեղեցու մասնակցությունը պետական կառավարմանը։ Նման պարագայում Սրբազան հոր առաջադրումը չի հակասո՞ւմ այս հոդվածին։
Բացարձակապես չի հակասում, իսկ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու և պետության հարաբերությունների մասին դատողություններ անելիս, հարկ է ելակետ ընդունել Սահմանադրության առնվազն երկու հոդված՝ 17-ը և 18-ը: Առաջինում ամրագրված է ոչ թե «Եկեղեցու», ինչպես դուք արտահայտվեցիք, այլ «կրոնական կազմակերպությունների» անջատ լինելը պետությունից: Երկրորդում արդեն ամրագրված է, որ կոնկրետ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու, որպես Ազգային եկեղեցու և պետության հարաբերությունները կարգավորվում են օրենքով: Այս նրբությունները չի կարելի հետևողականորեն չնկատել և պատեհ-անպատեհ շարունակ կրկնել, որ Հայ եկեղեցին պետք է գործի պետությունից անջատ՝ այնպես, ինչպես մյուս կրոնական կազմակերպությունները: Ինչպե՞ս են իրենք պատկերացնում գործնականում անջատ գործելը, երբ Սահմանադրության նույն 18-րդ հոդվածով միանշանակ սահմանված է, որ ազգային եկեղեցին բացառիկ առաքելություն ունի հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում: Կա՞ մարդ, որ կպատկերացնի, թե հիշյալ արժեքների պահպանությունը Հայ Եկեղեցին կարող է մեկուսի իրականացնել:
Ի դեպ, հենց Ձեր կողմից հիշատակված, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքները հանգամանորեն կարգավորում են պետության հետ համատեղ գործելու մի շարք հարաբերություններ:
Այլ կերպ ասած, Սահմանադրության ուժով Հայ եկեղեցին հատուկ կարգավիճակով կրոնական կազմակերպություն է: Տեղյակ եմ, որ որոշ գործիչների մոտ մեծ ձգտում կա վերանայելու այս նորմերը, բայց վստահ եմ, որ չեն հաջողելու: Հընթացս արժե ընդունեն ի գիտություն, որ անգամ ԵՄ անդամ մի շարք երկրներում (Իսպանիա, Հունաստան և այլն) Եկեղեցուն վերապահել են ոչ միայն ազգային, այլև պետական կարգավիճակ: Աթեիստները, անգամ աղանդավորները պարտավոր են ղեկավարվել բացառապես համապետական, ոչ թե նեղ շահերով:
Ի դեպ, Հանրապետության նախագահ ընտրված անձը այլևս դադարում է ներկայացնել իր նախկին քաղաքական, հասարակական կամ ցանկացած այլ ազդեցությունները և Սահմանադրության 123-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, պարտավոր է գործել բացառապես համապետական ու համազգային շահերով: Այ որքանո՞վ դա իրատեսական կլինի նախկին քաղաքական գործչի պարագայում, ցավոք, քննադատողները համառորեն լռում են:
Տարօրինակն այն է, որ անգամ իրավաբանի որակում ունեցող որոշ քաղաքական գործիչներ իրենց թույլ են տալիս հրապարակավ հայտարարելու, թե իբր հոգևոր սպասավորները և եկեղեցական մարմինները զրկված են անգամ քաղաքական բնույթի հայտարարություններ անելու իրավունքից: Մեզանում, ցավոք, նվազագույն պատկերացում չունեն անգամ, թե ինչ ասել է «քաղաքականությամբ զբաղվել», ինչին նպաստել է նաև այդ եզրույթի օրենսդրական բնորոշման իսպառ բացակայությունը:
Ռոբերտ Քոչարյանն ասում է՝ դիմենք Մայր Աթոռին, որ նրա հետ քննարկենք Սրբազան հոր հարցը․ սա չի՞ դիտվի որպես միջամտություն եկեղեցու կողմից։
Կդիտվեր միջամտություն, եթե որևէ եկեղեցական կառույց պաշտոնապես քննարկեր և որոշում կայացներ թեկնածություն առաջադրելու վերաբերյալ, ինչը գործնականում բնավ չէր կարող նկատի ունենալ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, վերջինս համարժեք տիրապետում է պետաիրավական ինստիտուտների իրավասության բնույթին ու իրացման ընթացակարգերին: Ավելին՝ որևէ եկեղեցական կառույց երբևէ հանդես չի գա նման նախաձեռնությամբ, քանզի չունի այդպիսի իրավասություն: Ելույթի վերլուծությունից հստակ բխում է, որ խոսքը խորհրդատվական բնույթի քննարկումների մասին է:
Վերջապես, եթե տեսականորեն ընդունենք, որ քաղաքական ուժերի կոնսենսուսի արդյունքում այդպիսի գաղափարը կարող է իրատեսական լինել, ապա հարկ է ելակետ ընդունել, որ դա իր էությամբ ոչ միայն կլինի լիարժեք ապաքաղաքական ինստիտուտ, քանզի խոսքը ինչպես իր լիազորությունների ընթացքում, այնպես էլ երբևէ որևէ կուսակցության անդամ չհանդիսացող, այլև հենց իր ողջ էությամբ հիրավի համապետական և համազգային շահերով ղեկավարվելու ունակ անձի մասին է: Ի դեպ, կառաջարկեի մի փոքր ուսումնասիրել նաև պատմական համանման անցքերը՝ առավել վստահ լինելու համար, որ այն երբևէ ձախողումների, առավել ևս կրոնապետության չի հանգեցրել, այլ դարձել է պետականության աննախադեպ ամրապնդման լրջագույն երաշխիք (ի դեպ, բարձրագույն հոգևորականությունը հսկայական դերակատարում է ունեցել Իսպանիայում Ֆրանկոյի բռնատիրական ռեժիմի տապալման գործում), ընդ որում, բնավ նկատի չունեմ կրոնապետություններին: