ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 39-ամյա տղամարդու կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, ինչպես նաև խոշոր չափերի կանեփի բույսեր աճեցնելու դեպքերի հանգամանքները:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ վերջինս ապօրինի ձեռք է բերել և իր բնակության վայրում՝ Երևանի Ռուսթավելի փողոցում գտնվող տանը, ապօրինի կերպով պահել է ինքնաշեն եղանակով պատրաստված՝ «Մակարով» տեսակի ատրճանակին նմանվող, հրազեն հանդիւսացող ատրճանակ և գործարանային արտադրության 9 հատ 9մմ/9x18 տրամաչափի փամփուշտ, որոնք վարույթն իրականացնող մարմնի կողմից հայտնաբերվել և վերցվել են 2021թ. ապրիլի 12-ին հիշյալ տանը կատարված խուզարկությամբ։
Բացի այդ, 39-ամյա տղամարդն իր բնակության վայրում, աճեցման համար արհեստական պայմանների օգտագործմամբ, հողով լի ծաղկամաններում աճեցրել և մշակել է խոշոր չափերի՝ 43 հատ թմրալկալոիդ, տետրահիդրոկաննաբինոլ պարունակող կանեփի բույսեր, որոնք ևս հայտնաբերվել և վերցվել են խուզարկության ժամանակ։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 39-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 273-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է գրավը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: