ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը պնդում է՝ խորհրդարանում ՀՀ նախագահի ընտրության գործընթացը լեգիտիմ է, իշխանությունները ստացել են բավարար քվեներ, որ ձևավորեն կառավարություն և ընտրեն նախագահ: Արշակյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով նախագահի ընտրության գործընթացին ընդդիմադիրների չմասնակցելուն և արված հայտարարություններին:
«Պատմական իրադարձություն է այսօր, որովհետև ՀՀ նախագահ ենք ընտրում: Եվ դա տեղի է ունենում 2018 թվականի հեղափոխությունից հետո տեղի ունեցած խորհրդարանական բաց, թափանցիկ ընտրությունների արդյունքում ձևավորված ԱԺ-ի պատգամավորների ընտրությամբ: Այսինքն՝ այն հրապարակումները, կարծիքները, նաև ակտերը, որոնցով փորձ է արվում որևէ շղարշ գցել լեգիտիմության առումով, ցանկանում եմ ասել, որ ժողովրդի ձայնը ստացած ԱԺ-ի ուժերն են ընտրում նախագահ, և դրանով իսկ ապահովված է այսօրվա գործընթացի ամբողջ լեգիտիմությունը»,-ասաց Արշակյանը:
Նա հավելեց՝ իհարկե քաղաքական ուժերն իրավունք ունեն մասնակցելու կամ չմասնակցելու ընտրություններին: Արշակյանի խոսքով՝ այսպիսով ժողովրդի կողմից ընտրված ԱԺ-ի պատգամավորներն են, որոնք իրենց ցանկությամբ մասնակցում են կամ չեն մասնակցում ընտրություններին:
Անդրադառնալով տեսակետներին, թե նախագահի ընտրության գործընթացը լեգիտիմ չէ, քանի որ մեկ ուժ է մասնակցում՝ Արշակյանն ասաց, որ նույն հաջողությամբ կարելի էր պնդել, թե իշխանությունները լեգիտիմ չեն, քանի որ առանց կոալիցիայի, միանձնյա են կառավարում երկիրը: «Իշխանությունները ստացել են բավարար ձայնով քվեներ, որպեսզի ձևավորեն թե կառավարություն, թե ընտրեն նախագահ, որպեսզի սահմանադրական օրենքներ ընդունեն և օրենսդրական դաշտն ամբողջությամբ ապահովեն: Եվ դրա լեգիտիմությունը ոչ թե որոշվում է այս կամ այն ընդդիմադիր ուժի հայտարարությամբ, այլ ՀՀ Սահմանադրությամբ»,-ասաց ԱԺ փոխնախագահ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը:
ԱԺ-ում Հանրապետության նախագահի ընտրության գործընթացին ընդդիմությունը չի մասնակցում: Ընտրության առաջին փուլով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածու Վահագն Խաչատուրյանը չէր ընտրվել, չէր ստացել բավարար թվով ձայներ: Խորհրդարանում անցկացվում է ընտրության երկրորդ փուլը: