Այսօր Կառավարության որոշմամբ Մելիքսեթ Պողոսյանն ազատվեց Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի պաշտոնից և մեկ այլ որոշմամբ՝ Սյունիքի մարզպետ նշանակվեց Ռոբերտ Ղուկասյանը, որը 2019 թվականից զբաղեցնում է վարչապետի խորհրդականի պաշտոնը:

 
 

Մինչև սա էլ մամուլում ակտիվորեն շրջանառվում էր մի թեզ, ըստ որի՝ իշխանական թևը որոշել էր հեռացնել Մելիքսեթ Պողոսյանին մարզպետի պաշտոնից, սակայն վերջինս որոշել է «մինչեւ վերջին շունչը» պայքարել եւ ազատման դիմում չգրել:

ԼՈՒՐԵՐ.com -ը կապ հաստատեց Մելիքսեթ Պողոսյանի հետ՝ պարզելու, թե որն էր իրեն՝ մարզպետի պաշտոնից ազատելու պատճառը և արդյո՞ք իսկապես կառչած էր աթոռից:

Նախկին մարզպետն ասաց, որ որևէ խնդիր չկա և ամենը ստացվեց այնպես, ինչպես ինքն էր ցանկանում. «Ես եմ մարտի 1-ին ազատման դիմումս ներկայացրել: Այն գրելու պատճառ չկա, պարզապես, ոչ մի պաշտոն հիմնական չէ: Դժվար պահին որոշում կայացրեցի, որ իմ ժողովրդի կողքին պետք է լինեմ և՛ սահմանին, և՛ թիկունքում: Փառք Աստծո, ամեն ինչ արել եմ և պատվով այդ առաքելությունը կատարել»,- նշեց Պողոսյանը՝ հավելելով, որ շարունակում է իր ժողովրդի կողքին լինել և ոչ մի պարագայում չի փոխի իր դեմքը:

Հետաքրքրվեցինք, եթե ինքն է գրել ազատման դիմումը, ապա ինչու է մամուլում տեղեկություն շրջանառվում այն մասին, թե կառչած է իր աթոռից. «Ո՛չ, ես աթոռից կառչած չեմ եղել, ինձ համար մարզպետի պաշտոնը զարմանալի բան չէր»,- նշեց նա՝ ընդգծելով, որ  իշխանական թևի հետ էլ որևէ տարաձայնություն չունի:

Հարցին՝ ինչ կարծիք ունի նոր մարզպետի՝ Ռոբերտ Ղուկասյանի մասին, արդյո՞ք կկարողանա սյունեցիների խնդիրներին լուծում տալ, վստահորեն ասաց. «Նոր մարզպետին ճանաչում եմ: Միանշանակ կկարողանա նույն ձև լուծել սյունեցիների խնդիրները»,- եզրափակեց Մելիքսեթ Պողոսյանը:

Հավելենք, որ Մելիքսեթ Պողոսյանը Սյունիքի մարզպետ էր նշանակվել 2020 թվականի դեկտեմբերի 8-ին:

Զվարթ Պետրոսյան