Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ Արսեն Թորոսյանն առաջիկայում կազատվի առողջապահության նախարարի պաշտոնից։ Ավելին, նշվում է, որ նախարարն արդեն դիմումը գրել է, որը փոխանցվել է վարչապետին։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը, մեկնաբանելով լուրերը, ոչ հերքեց, ոչ հաստատեց դրանք․ «Նախարարն աշխատանքի է և կատարում է իր պարտականությունները: Ես նման տեղեկություն չունեմ»,- ասաց նա:
Արդյոք վարչապետը ստացե՞լ է նախարարից ազատման դիմում, թե՞ ոչ՝ փորձեցինք պարզել վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանից․ «Մենք որևէ դիմում Առողջապահության նախարարից չենք ստացել»,- նշեց նա։
Նշենք, որ «Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ առաջիկայում պաշտոնից կազատվի առողջապահության նախարարը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ վարչապետի և նախարարի միջև նախապատերազմյան շրջանում առկա կոնֆլիկտն ավելի է սրվել պատերազմից հետո։ Թորոսյանը թիմի հավաքների ժամանակ ասել է, որ ձախողել են երկրի կառավարումը, և ճիշտ կլինի, որ պարտությունից հետո հեռանան։ Նա, այսպես կոչված, իշխող թիմի ընդդիմադիր թևից է։ Սակայն Փաշինյանն ասել է, որ չի պատրաստվում հեռանալ, իսկ նման ցանկություն ունեցողների առաջ դուռը բաց է։
Սոնա Հարությունյան